ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարույր Սևակը հոգի, սիրտ ու շունչ էր դնում իր գրականության մեջ. Գրողների միությունը տոնեց բանաստեղծի հոբելյանը

Պարույր Սևակը հոգի, սիրտ ու շունչ էր դնում իր գրականության մեջ. Գրողների միությունը տոնեց բանաստեղծի հոբելյանը

Հայաստանի գրողների միությունը Պարույր Սևակի 100-ամյակը տոնեց գրական միջոցառմամբ, որի ընթացքում բազմիցս նշվեց՝ Սևակը նոր խոսք, նոր լեզվամտածողություն բերեց հայ գրականություն:

Միջոցառումն անցկացվեց գրողի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին:

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Սևակի սերնդի կյանքը համընկավ դժվար ժամանակների հետ՝ ստալինյան դեպրեսիաներ, պատերազմ, բռնաճնշումներ և այլն: «Շատ ծանր առաքելություն ունեին Սևակի սերնդի ստեղծագործողները: Չարենցի մահից, Մահարու աքսորից ու այլ գրողների՝ գրական ասպարեզից հեռանալուց հետո գրականությունն ընկավ աշուղների ձեռքը: Այդ մոլեռանդ արշավանքը  պատրաստ էր խեղդամահ անել հայ գրականությունը և այդ ժամանակ շատ կարևոր էր գրողի՝ գրականությունը պաշտպանելու հավատամքը»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց՝ հենց Սևակն ու նրա սերունդը դա արեցին:

Նա հիշեցրեց՝ Սևակն իր առաջին բանաստեղծությունները գրում էր տերյանական, չարենցյան ոգով: «1942-ին «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվեցին նրա առաջին ստեղծագործությունները, որոնք շատ հետաքրքիր էին: Երբեմն մտածում եմ, թե նա ինչ այլ գործեր կգրեր, եթե պահպաներ այդ ոճը»,-խոստովանում է Միլիտոնյանը:

Ըստ նրա՝ Պարույր Սևակի բանաստեղծությունները ողնաշարային էին հայ գրականության մեջ չարենցյան գիծը շարունակելու գործում:

«Սևակը «Մարդը ափի մեջ» գրքով նոր խոսք ասեց՝ մարդուն կենտրոն համարելով, այնինչ ստալինյան ժամանակներում ոչ թե անհատն էր գլխավորը, այլ կոլեկտիվը:  Նա նոր ու հետաքրքիր պատկերներ, կին և տղամարդ հարաբերությունների, բաց տեսարանների մթնոլորտը նաև բերեց: Պարույր Սևակի 100-ամյակին պետք է կարողանալ լավագույնս արժևորել նրան, ընդլայնել ընթերցողների ճաշակը, ճանաչելի դարձնել ոչ միայն Սևակի պոեզիան, այլև պոեզիայի մասին նրա  գրականագիտական հոդվածները, թարգմանությունները, որոնց գրականագետները քիչ են անդրադարձել»,-հավաստիացրեց Միլիտոնյանը:

Գրականագետ Սամվել Մուրադյանը հիշեցրեց՝ Սևակն իր կենսագրականում խոստովանել է, որ ամբողջ մի տասնամյակ զբաղված է եղել սիզիփյան անպտուղ աշխատանքով: «Ինչ գրում էի այն ժամանակ, չէր կարելի, իսկ հիմա էլ անհարմար է ներկայացնել: Ես զբաղված էի իմ ձայնը փոխելով»,-գրել է Պարույր Սևակը:

«Սևակն Ազգային գրադարանում բացատրել է  «Նորից քեզ հետ» վերնագրի խորհուրդը: Նա նշել է, որ «քեզ» ասելով՝ դիմում է ժողովրդին, որովհետև երկար տարիներ զբաղված է եղել իր ձայնը փոխելով և ժողովրդի հետ չի եղել, իսկ 20-րդ համագումարից հետո  նորից ժողովրդի կողքին լինելու հնարավորություն է ստացել»,-պատմեց Մուրադյանն ու հավելեց, որ եղել են տարիներ, երբ Հայաստանի տաղանդավոր գրողներից  ոչ մեկը չի կարողացել Երևանում գիրք տպագրել: Դա հաջողվել է Պարույր Սևակին և Հրանտ Մաթևոսյանին Մոսկվայում ունեցած լայն կապերի շնորհիվ: Նրանց որոշ գրքեր նախ հրատարակվել են Մոսկվայում, հետո՝ Երևանում:

Գրող Սաթենիկ Մկրտչյանի խոսքով էլ Պարույր Սևակը վառ գրող էր, որը ոչ միայն ինտելեկտուալ էր, այլև հոգի, սիրտ ու շունչ էր դնում իր գրականության մեջ: «Ինչպես հախուռն ստեղծեց իր գրականությունը, այդպես էլ գնաց: Չգիտեմ, թե ինչ պետք է ասել Սևակի մասին, որ շատ քիչ չթվա»,-շեշտեց նա:

Հայաստանի գրողների միությունը Պոեզիայի միջազգային օրը, որը նշվում է մարտի 21-ին, նվիրելու է Պարույր Սևակի հոբելյանին:

  • Կիսվել: