ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որպեսզի Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը միշտ վառ մնա. Ադամ Բարրոն Հայաստանում նոր ձայնասկավառակ կներկայացնի

Որպեսզի Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը միշտ վառ մնա. Ադամ Բարրոն Հայաստանում նոր ձայնասկավառակ կներկայացնի

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել:

Առաջիկա օրերին նա ձայնասկավառակը կներկայացնի Երևանում:

Ադամ Բարրոյի՝ օրեր առաջ Փարիզում լույս տեսած հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի 2-րդ ձայնասկավառակն է և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։

Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից և ներկայացվել այնտեղ:

Երևանում ներկա կլինի նաև հայ երաժշտական քննադատ, որը հակիրճ կներկայացնի նոր ձայնասկավառակը:

Բարրոն ձայնասկավառակում տեղ գտած ծրագիր-ծաղկաքաղի մեջ արևմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի և այլոց կողքին ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը:

Շնորհանդեսի ժամանակ Բարրոն կենդանի կատարմամբ կներկայացնի 5 ստեղծագործություն՝ երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա նաև Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորույս հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,-ասել է Ադամ Բարրոն:

Ձայնասկավառակի նորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Մուտքն ազատ է:

  • Կիսվել: