Մեզ համար բարձրագույն արժեքը պետությունն է, պետականությունը և «պետական» բառը. ԿԳՄՍ փոխնախարար
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ վերոնշյալ օրենքն ընդունվել է 2002 թվականին:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման, անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը:
«Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ:
Փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:
«Ինքնազբաղ արվեստագետներին վերաբերող կետը առաջին անգամ է լինելու Հայաստանում և որի համար ես հպարտությունս եմ ուզում հայտնել, որովհետև կարգավորվում է մի ամբողջ ոլորտ: Սպասված օրենք է և սպասված կարգավորում է»,- պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
«Միևնույն ժամանակ, «պետություն», «պետական» և «պետականություն» բառերի առավել արժևորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել «պետական» բառի օգտագործումը: Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կազմակերպությունները, որոնք կրում են «պետական» անվանումը, ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին, հետևաբար, առաջարկում ենք կիրառել տարբերակված մոտեցում»,- պարզաբանեց փոխնախարարը:
Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
«Մեզ համար բարձրագույն արժեքը պետությունն է, պետականությունը և «պետական» բառը: Ցանկացած երեխա, որ տեսնում է, պիտի տեսնի, որ պետականը գերակայող է, պետականը ավելի բարձր է, քան մնացածները»,- նշեց Դանիելյանը:
Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը, և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը: