հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մահացել է Լևոն Ադյանը

Մահացել է Լևոն Ադյանը

Անցած գիշեր Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է տաղանդավոր գրող, թարգմանիչ, հրապարակագիր, հասարակական գործիչ Լևոն Ադյանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող, Լևոն Ադյանի մտերիմ ընկեր Միքայել Հաջյանը:

«Բժիշկների՝ շուրջ երկու շաբաթվա ջանքերը, նաև մեր բոլորի՝ Լևոնի ընկերների, հարազատների, հազարավոր ընթերցողների՝ Աստծուն ուղղված աղոթք-պաղատանքները, ավաղ, ի զորու չեղան մահվան ճիրաններից փրկելու մեզ համար անչափ թանկ ու սիրելի մարդուն, մեծ գրողին, զտարյուն մտավորականին, հայրենի Արցախի նվիրյալին՝ Լևոն Ոսկանի Ադյանին։ Լևոն Ադյանը արդի հայ գրականության անվանի դեմքերից էր։ Հեղինակ է շուրջ չորս տասնյակ սեփական և թարգմանական արձակ գրքերի, որոնք լույս են տեսել Բաքվում, Մոսկվայում, Սանկտ֊Պետերբուրգում, Երևանում, Ստեփանակերտում։ Նրա գործերը (վեպեր, վիպակներ, պատմվածքներ, մանրաքանդակներ), լինելով հայ ժամանակակից արձակի ակնառու ձեռքբերումներ, իրավամբ, սեղանի գրքեր են, որոնց թեմատիկան բացառապես հայրենի բնաշխարհն է՝ Արցախն ու նրա ժողովուրդը», - նշեց Մ. Հաջյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ծնունդով արցախցի գրողը, որի մանկությունն ու պատանեկությունն անցել են Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում, հանգամանքների բերումով հետագա տասնամյակներում բնակվելով Սումգայիթում, Բաքվում, իսկ 80-ական թվականների վերջերի հայտնի իրադարձություններից հետո՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, մշտապես և ամենուրեք հոգու ու սրտի բազում թելերով կապված է եղել հայրենի եզերքին։

«Հանգամանքների պարտադրանքով բնակվելով օտար ափերում ու մշտապես ապրելով հայրենի եզերքի հոգսերով ու խնդիրներով՝ նա ջանքեր չէր խնայում նպաստելու դրանց լուծմանը։ Ամեն տարի այցելում էր Արցախ՝ փորձելով թեկուզ փոքր֊ինչ փարատել մանկության արահետների, սար ու ձորերի իր անշեջ կարոտը։ Ավաղ, համատարած թագավարակի պատճառով արդեն երկու տարի է՝ նրան չէր հաջողվում շարունակել ավանդական ուխտագնացությունն իր համար անփոխարինելի սրբավայր դարձած Արցախ լեռնաշխարհ։ Ավաղ, նրա փոխարեն՝ Ստեփանակերտ հասավ մահվան գույժը՝ անասելի վիշտ ու ցավ պատճառելով բոլորիս։ Երկնային արքայություն քեզ, հավերժի ճամփորդ դարձած Մե՛ծ ախպեր, Աստծո լույսն իջնի հոգուդ ու շիրմիդ։ Արդեն իսկ կարոտում ենք քեզ ու խորապես զգում քո բացակայությունը», - հավելեց Մ. Հաջյանը։

  • Կիսվել: