հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լեռնակերտ գյուղում հնագետները պեղում են վաղ բրոնզի դարի ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ (լուսանկարներ)

Լեռնակերտ գյուղում հնագետները պեղում են վաղ բրոնզի դարի ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ (լուսանկարներ)

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում, որտեղ հայտնաբերվել են ամրոց-բնակատեղի և դամբարանադաշտ։ Հնագիտական հուշարձանների թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից, գրում է shantnews.am-ը:

Պեղումներն այստեղ սկսվել են անցած տարի և գտածոներն արդեն որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին։ Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են, որ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։

Կիկլոպյան շարվածքով պարիսպների մնացորդները, միջնաբերդը, սա այն ամենն է ինչ անզեն աչքով էլ տեսանելի է: Հնագետներն ուսումնասիրում են, թե ինչ կառույցներ է ամրոցն ունեցել պարիսպների երկու կողմերում: Առաջին կառույցը, որ բացվել է․ կացարան է, որի կենտրոնում սյան խարիսխն է ու բաժակաձև փորվածքով քար, որը տնտեսական նշանակության է եղել։

Նույն բաժակաձև փորվածքով քարն էլ հնարավորություն է տվել ստույգ թվագրելու ամրոցը։ Քարի փորվածքում հացահատիկի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ենթարկել են հետազոտության՝ ռադիոածխածնային թվագրության մեթոդով ու պարզել, թե քանի դար են դրանք Լեռնակերտի բարձունքում մնացել։

 

«Նախորդ տարի մենք նախնական թվագրել էինք սենյակը 7-5-րդ դարերի, բայց բաժակաձև քարից վերցված հացահատիկի նմուշներից ռադիոածխածնային թվագրության մեթոդով ստացանք մ.թ.ա․ 5-4-րդ դարերի տվյալներ, և այս տարի այդ թվագրությունը հաստատվեց մեկ այլ գտածոյով, որը բրոնզե մատանի է:

Հնավայրը չի սահմանափակվում միայն ամրոցների շուրջ գտնվող հատվածներով: Այստեղ 2300 և ավելի բարձ տեղանքներում  ունենք վաղ միջնադարյան գյուղեր, անտիկ շրջանի գյուղեր, որոնց մեծ մասը հուշարձանների ցանկում գրանցված չէ: Դասական մեգալիթյան հուշարձանախումբ է՝ բաղկացած ամրոցներից, բնակավայրերից, դամբարանադաշտերից, ջրաբաշխական հնագույն համակարգերից և այլ տեսակի հուշարձաններից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը:

Մատանին միակ գտածոն չէ։ Ամրոցի տարածքում հայտնաբերվել են տարբեր չափերի կախիկներ՝ պատրաստված կավից։ Սրանք վկայում են տարածքում մանածագործության զարգացած լինելու մասին։

 

 

Ամրոցից մի քանի մետր հեռու մեկ այլ բարձունքի լանջերին դամբարանադաշտ է հայտնաբերվել։ Թաղումները ևս տարբեր ժամանակաշրջանների են վերաբերում։ Ուղեկցող նյութը հիմնականում կավանոթներն են՝ լցված հողով ու կենդանիների ոսկորների մնացորդներով։ Հնագետների ենթադրություններով` հանգուցյալի հետ տարբեր իրեր ու սնունդ են թաղել, հաջորդ կյանքում օգտագործելու համար։

Հնագետների խնդիրն է նաև հնավայրի սահմանները պարզելը։ Դրանք միայն ամրոցներով ու դամբարանադաշտով չեն սահմանափակվում։ Պետք է ամբողջ տարածքը ուսումնասիրեն, ինչի համար այս տարվա պեղումներին հատկացված ժամանակը չի բավականացնի։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել՝ սկսած վաղ բրոնզե դարից։ Այս տարածքում է հայտնաբերվել հնագույն ջրաբաշխական ցանցը, որը տարածաշրջանում իր տեսակով միակ գտածոն է։ Քարե պատերի շարքի նմանվող ցանցով Արագածի լանջերից ջուրը հասել է հնագույն բնակավայր։

 
 

  • Կիսվել: