չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի վնասված հատվածները

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի վնասված հատվածները

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ և իր համապատասխան որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 79,938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68,881.4 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ վերաբաշխումը կատարվում է հուշարձանների վերականգնման համար, և որոշումը մշակվել է Վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերանորոգման հետ կապված: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և վերականգնման կարիք ունի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է և ԿԳՄՍ է ներկայացվել նորոգման և ամրակայման նախագիծ: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8,285,7 հազար դրամ: ԿԳՄՍ կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, և կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները կսկսվեն գումարը հատկացնելուն պես: Որոշմամբ նաև 2,771,0 հազար դրամ կհատկացվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման, անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, աշտարակը վթարային վիճակում է, կան մեծ ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա: Նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել է պայմանագիր:

Վարչապետը կարևորել է Բջնիի եկեղեցու պատի շինարարության արագ իրականացումը, քանի որ Կառավարությունը հատկացնում է անհրաժեշտ ֆինանսական միջոցները, հստակ սահմանվում են ժամկետները: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Բջնիի ամրոցի հետ կապված հանձնարարականի կատարման ընթացքից՝ նշելով.

«Խնդիրն այն է, որ Բջնիի ամրոցի երևացող և լավ վիճակում գտնվող պարիսպները փակված են այգիների, բարձր ծառերի հետևում, և իմ հանձնարարականի էությունն էր՝ բանակցել, հարակից տարածքները ձեռք բերել և հուշարձանի տեսանելիությունը բացել, ինչը, կարծում եմ, նաև Բջնի բնակավայրի և տուրիստական հոսքերի համար շատ էական նշանակություն կունենա: Այնտեղ նաև ամրոց տանող ճանապարհի հետ կապված խնդիր կար: Այս ուղղությամբ ի՞նչ ենք արել»:

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ՏԿԵՆ, ՏԻՄ հետ համատեղ աշխատանք է տարվում գյուղացիների և տարածքը մշակող բնակիչների հետ համաձայնության գալու ուղղությամբ, որպեսզի այդ տարածքը փոխարինվի, կամ այլ լուծում առաջարկվի, և տարածքն ազատվի հուշարձանի համար: Սակայն զուգահեռ նաև ԿԳՄՍ-ն շրջանառում է օտարման՝ գերակա շահ ճանաչելու նախագիծ: Նախարարի խոսքով՝ արվում է ամենը, որպեսզի փոխհամաձայնեցված լուծում լինի, սակայն եթե դա արդյունք չտվեց, նշված տարածքը գերակա շահ պիտի ճանաչվի:

Կարևորելով Հաղպատ վանական համալիրի նորոգումը՝ Կառավարության ղեկավարը նշել է, որ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, և, բնականաբար, բոլոր պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և վերանորոգումն առանձնահատուկ նշանակության աշխատանք է:

«Վերականգնումը և վերանորոգումը պետք է տեղի ունենան այնպես, որ հուշարձանին վնաս չհասցվի: Դրա համար Ձեր խոսքում Դուք էլ նշեցիք, ես այդպես էլ հասկացա, որ, բացի նախագծայինից, կա նաև գիտական հատված՝ գիտանախագծային աշխատանքներ, և մենք պետք է այդ աշխատանքներն իրականացնենք», – նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի առնչությամբ վարչապետը ևս մեկ դիտարկում է արել, որը վերաբերում էր գործարար շրջանակների կողմից ներդրում կատարելուն.

«Գնահատելի է նոր եկեղեցիներ կամ հոգևոր նշանակության այլ կառույցներ կառուցելու միտումը: Բայց ես կուզենայի ուշադրություն հրավիրել, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ըստ էության ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են գտնվում: Իհարկե, Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ իհարկե, ընդգծելով այն պատմամշակութային հուշարձանների առանձնահատուկ կարևորությունը, որոնք ունեն քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող բովանդակություն, և մենք այդ ուղղությամբ անպայման պետք է առաջ շարժվենք: Մյուս կողմից, աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ ես պարզապես ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա՝ որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություն է օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, իհարկե, անպայման համագործակցված ԿԳՄՍ նախարարության հետ՝ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց, այլ ոչ թե հետընթաց ունենալու համար»:

Վահրամ Դումանյանը նաև տեղեկատվություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման/նորոգման աշխատանքների, ենթակառուցվաժքային լուծումների վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը նշել է.

«Վերջերս մենք, ըստ էության, ցանկ ենք կազմել, պարոն Դումանյան, և կարծում եմ՝ արժե այն շրջանառության մեջ դնել՝ և՛ մարզպետները թող նայեն, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նախ, մենք պետք է ամբողջական գույքագրենք՝ ինչ ունենք, որ պետք է վերականգնվի կամ պահպանվի: Ուզում եմ ասել, որ տուրիզմի ոլորտում, նաև ներդրումների առումով սա շատ կարևոր ուղղություն է: Համակարգված պետք է աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ և ունենալ ընդհանուր ռազմավարություն, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու: Որ խնդիրը շատ հրատապ է՝ դա ակնհայտ է: Ես գոնե գիտեմ դա, որովհետև շատ տեղերում անձամբ եղել եմ, տեսել եմ: Մենք պետք է այդ ժառանգությունն իսկապես կարողանանք պահպանել, նաև հանրահռչակել, հասանելի և տեսանելի դարձնել առաջին հերթին մեր երկրի քաղաքացիներին: Որովհետև հուշարձաններ, պատմամշակութային ժառանգության շատ կարևոր կոթողներ կան, որ, համոզված եմ, եթե սոցիոլոգիական հարցում արվի, շատ դեպքերում Հայաստանի բնակչության մեծամասնությունը կամ դրանց մասին չի իմանա կամ ոչ մի անգամ այցելած չի լինի: Այնպես որ, նույնպես իմիջիայլոց, կրկին կապ ունի և՛ հոգևոր, և՛ տնտեսական բնույթի հարցերի հետ, որովհետև եկեք նաև արձանագրենք ներքին տուրիզմի զարգացման անհերաժեշտությունը: Այս առումով շատ եմ կարևորում մեր պետականության, մեր անկախության պատմության իմացությունը, որը շատ կարևոր է ցանկացած պետության համար»:

  • Կիսվել: