երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Կռիվ ու սեր» ներկայացմամբ Հայաստանում իր դռները կբացի եզդիական առաջին թատրոնը

«Կռիվ ու սեր» ներկայացմամբ Հայաստանում իր դռները կբացի եզդիական առաջին թատրոնը

Հունվարի 17-ից «Կռիվ ու սեր» բեմադրության առաջնախաղով Հայաստանում թատերասերների առաջ իր հյուրընկալ դռները կբացի մնջախաղի վարպետ Արսեն Փոլադովի անվան եզդիական առաջին թատրոնը, որը հիմնադրվել է «Եզդիների կողքին» նախաձեռնության շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման սցենարի հեղինակ, «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն ասաց, որ թատրոնը վարձակալության հիմունքներով տեղակայվելու է Էջմիածնի Մաչանենց թատրոնի շենքում, որը գտնվում է Շահումյան, 51 հասցեում: 

«Նախատեսում էինք ազգային լեգենդ բեմադրել. անգամ աշխատանքներ էինք տարել այդ ուղղությամբ, բայց սկսվեց պատերազմը, որին մասնակցում էին նաև եզդիները: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշեցինք ներկայացմամբ ցույց տալ սերն ու կռիվը պատերազմի օրերին, ընդգծել ազգությամբ եզդի զինվորների կարևորությունը պետության կյանքում, նրանց սերը դեպի հայրենիքը՝ Հայաստանը»,- նշեց Ալեքսանյանն ու հավելեց, որ ներկայացումը նվիրել են Արցախի երկրորդ պատերազմում զոհված եզդիների անմար հիշատակին:

Ներկայացման մեջ զբաղված դերասանները պրոֆեսիոնալներ չեն, սակայն բեմադրության փորձերը համատեղել են դասընթացներով, որոնց միջոցով դերասանական հմտություններն են յուրացնում: «Կարծես թե ստացվում է, որովհետև նրանց ոգևորությունը մեծ է: Շատ լավ թիմ է ձևավորվել, և ինձ համար կարևոր է աշխատել եզդիների հետ. նրանք  բնավորությամբ մի քիչ կաշկանդված են, բայց արդեն իրենց շատ ազատ են զգում բեմում: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ դերասաններից մեկը մասնակցել է պատերազմին, որում կորցրել է եղբորը, բայց պատրաստվում է բեմ բարձրանալ, խաղալ: Բեմում նրա իրական ապրումներն են»,-նշեց Գրետա Ալեքսանյանն ու շեշտեց, որ ներկայացման ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն է, որի հետ համագործակցելու են նաև առաջիկայում, քանի որ վերջինս ծանոթ է եզդիների ազգային առանձահատկություններին:

Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին ևս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կմատուցվի ներկայացման բովանդակությունը: «Մեր փորձերին ներկա են եղել նաև հայ թատերասերներ, որոնք խոստովանել են, որ լեզուն չեն հասկացել, բայց հուզվել են»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Անդրադառնալով թատրոնը Արսեն Փոլադովի անունով կոչելուն՝ Գրետա Ալեքսանյանը շեշտեց, որ ազգությամբ եզդի մնջախաղացը երևույթ է, բարձրագույն արժեք ինչպես եզդի, այնպես էլ հայ ազգի համար: Գրետա Ալեքսանյանը հույս ունի, որ հետագայում Երևանի մնջախաղի պետական թատրոնը նույնպես արդարացիորեն կկոչվի վարպետի անունով, մարդու, որը կանգնած էր թատրոնի հիմնադրման ակունքներում:

  • Կիսվել: