կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լույսի և ուրախության կոմպոզիտոր. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Լույսի և ուրախության կոմպոզիտոր. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր)։ Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը (1890-1963), լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը (1894-1975), եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա․ Գորկու անվան դպրոցում։

Վաղ մանկությունից Առնո Բաբաջանյանը ցուցաբերել է երաժշտական ունակություններ։ Երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ 1926 թվականին նրա տաղանդը նկատել է Արամ Խաչատրյանը։

1928 թվականին սկսել է հաճախել Գորկու անվան միջնակարգ հանրակրթական դպրոց և միաժամանակ ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խումբ։ Արդեն 9 տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը» (հրատարակվել է 1932 թվականին)։ 12 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը Երիտասարդ երաժիշտների մրցույթում, որտեղ կատարել է Լ. վան Բեթհովենի Չորրորդ սոնատը և Ֆելիքս Մենդելսոնի «Ռոնդո կապրիչիոզոն»։ Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետներ (Սարգիս Բարխուդարյանի և Վ. Տալյանի դասարան)։

1938 թվականին տեղափոխվել է Մոսկվա և անմիջապես ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս՝ ավարտելով այն դաշնամուրի դասարանում Ե. Ֆ. Գնեսինայի և կոմպոզիցիայի դասարանը՝ Վ. Յ. Շեբալինի մոտ։ Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիա (Բորիս Մ. Բեռլինի հատուկ դաշնամուրի դասարան)։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում մոբիլիզացվել էր Սմոլենսկի մոտ պաշտպանական աշխատանքների համար։ 1941 թվականի վերջին Մոսկվայի կոնսերվատորիայի հետ տարհանվել է Սարատով։

1942 թվականից սովորել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում Կ. Իգումնովի մոտ և կոմպոզիցիայի դասարանում՝ Վ. Տալյանի մոտ՝ անցնելով Երևանի կոնսերվատորիայի լրիվ դասընթացը առանց պետական քննությունների, ապա տեղափոխվել է Մոսկվա և վերականգնվել Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի ֆակուլտետի նախավերջին կուրսում։

1943 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։

1946 թվականին երիտասարդ կոմպոզիտորների մի խմբի հետ գործուղվել է Մոսկվա՝ կատարելագործվելու համար։ 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայկական ԽՍՀ մշակույթի տանը։ 1947 թվականին էքստեռն կարգով ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը (Վ. Տալյանի կոմպոզիցիայի դասարան), իսկ 1948 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Կ. Իգումնովի դաշնամուրի դասարան)։

Իր ստեղծագործական ձգտումներում մտերմացել է Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի հետ։ Եղել է «Հայկական հզոր խմբակի» (ռուս.՝ Армянская могучая кучка) անդամներից մեկը։

1950-1956 թվականներին դաշնամուր է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում։ 1956 թվականին արժանացել է դոցենտի կոչման։

1956 թվականից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Նույն թվականին անդամակցել է ԽՄԿԿ-ին։

Առնո Բաբաջանյանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես երգահան, հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի («Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Մեծ հաջողություն են ունեցել նաև Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու («Год любви», «Москва-река», «Верни мне музыку»), Լեոնիդ Դերբենյովի («Лучший город земли») հետ համահեղինակությամբ գրված երգերը։ «Առաջին սիրո երգը» և «Երևանը» ընկալվում են որպես հայրենի քաղաքի օրհներգ։ Լայն ճանաչում ունի «Նոկտյուրնը»։

Կոմպոզիտորն աշխատել է նաև գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում։ Գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և այլ մյուզիքլներ։ Ռեպերտուարային են դարձել «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, Դաշնամուրային տրիոն, Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, ինչպես նաև դաշնամուրի համար գրված այլ պիեսներ։ «Պոեմը» ներառվել է Պ. Չայկովսկու անվան երրորդ միջազգային մրցույթի ծրագրում (1966) որպես պարտադիր ստեղծագործություն երկրորդ փուլում։

Համաշխարհային ճանաչման են արժանացել նրա գրավիչ և վիրտուոզ ստեղծագործությունները երկու ռոյալների համար, որոնք ստեղծվել էին Ա. Հարությունյանի հետ համահեղինակությամբ («Հայկական ռապսոդիա», «Տոնական»՝ հարվածային գործիքներով)։ Մեծ մասամբ զարգացրել է Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Կյանքի վերջին շրջանում իր արվեստում ձգտել է ավելի մեծ ռացիոնալիզմի։

Առնո Բաբաջանյանի ակադեմիական երաժշտության կատարողների թվում են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Դավիդ Օյստրախը, Լ. Վլասենկոն, Սվետլանա Նավասարդյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Դ. Խանջյանը, Riga piano duo, Firenze piano duo։

Հաճախ որպես դաշնակահար հանդես է եկել տարբեր քաղաքների բեմերում՝ ներկայանալով իր ստեղծագործությունների փայլուն կատարմամբ։ Այդ կատարումները ձայնագրվել են և հրատարակվել աուդիոսկավառակներով։

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվական նոյեմբերի 11-ին լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդություններից։ Թաղվել է Երևանում՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: