շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ ընդունվել նախորդ տարի սեպտեմբերին, սակայն հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է, իսկ փաթեթը դուրս եկել շրջանառությունից:

Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով` փաթեթը մշակման երկար փուլ է անցել: Կինոյի ոլորտը մեր երկրում առայսօր օրենսդրորեն կարգավորված չէ` Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ֆիլմի ցուցադրման, ֆիլմի` միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանում:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ` կապահովվի կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանում, կստեղծվի բավարար իրավական երաշխիքներ եւ կաջակցի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը:

Նշվեց, որ օրենքների նախագծերը մշակվել են` հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի ոլորտի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտեր:

Աննա Կոստանյանն ընդգծեց, որ նախորդ անգամ եղել են առաջարկներ, որոնք հաշվի են առնվել, եւ կատարվել են որոշակի փոփոխություններ:

Հարակից զեկուցող պատգամավոր Արթուր Մանուկյանը նշեց, որ սա երկար սպասված օրենքի նախագիծ է, որի վերաբերյալ ունեցել է բազմաթիվ քննարկումներ: Հանդիպել է ոլորտի մասնագետների հետ, լսել նրանց դրական կարծիքները: Պատգամավորն առաջարկեց գործընկերներին տալ դրական եզրակացություն:

Ներկայացնելով Կառավարության կարծիքը` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ հիմնական առարկությունները, որոնք ներկայացվել են գործադիրի կողմից նախորդ քննարկումների ժամանակ, մնացել են անփոփոխ: Կառավարությունը փաթեթի վերաբերյալ ունի առարկություններ եւ վերապահումներ, օրինագծերի որոշ դրույթներ խնդրահարույց են եւ փոփոխման ու հստակեցման կարիք ունեն:

ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը հետաքրքրվեց` արդյո՞ք չկա կինոոլորտին վերաբերող օրենքի անհրաժեշտությունը:

Փոխնախարարը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կա, սակայն օրենքն ունենալու է կիրառման խնդիր:

Հանձնաժողովի նախագահն առաջարկեց փոխնախարարին Կառավարության ներկայացրած գրավոր կարծիքը դնել մի կողմ եւ ներկայացնել սեփական տեսակետը որպես ոլորտի մասնագետ: Նա հետաքրքրվեց ոլորտի վերաբերյալ նախարարության երկու տարվա կատարած աշխատանքներով:

Փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի ամենալուրջ խնդիրը կինոկրթությունն է: Նախարարությունը մշակում է այդ ուղղությամբ ծրագրեր:

Մխիթար Հայրապետյանն առաջարկեց Կառավարության ներկայացուցչին ԱԺ հերթական նիստերի քննարկման ժամանակ ներկայացնել օրենքի այլընտրանքը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողն առաջարկեց ԱԺ հերթական նիստերում սահմանել քննարկման հատուկ ընթացակարգ:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: