«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով:
Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասինե օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Փոխնախարարը նշել է, որ «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին եւ ենթադրում է արգելելու, սահմանափակելու կառավարման կարգավիճակ: Նմանատիպ ինստիտուցիոնալ միավորներն աշխարհում կոչվում են հնագիտական վայր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջինների կառավարման եւ պահպանության կարգավիճակից:
Ինչ վերաբերում է «հնավայր» բառին, ապա այն համապատասխան բառարանում սահմանված է որպես հնությունների՝ հին հուշարձանների, ինչպես նաեւ հնագիտական պեղումների վայր:
Փաթեթով առաջարկվող այլ փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է վերացնել օրենքներում առկա հակասությունները:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին: