կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացավ «Ջավախքի գարուն» 13-րդ փառատոնը

Կայացավ «Ջավախքի գարուն» 13-րդ փառատոնը

Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» ամենամյա փառատոնը։ Բեմում ելույթ ունեցան Ախալքալաքի շրջանի 29 տարբեր համույթներ, գրում է jnews.ge-ն:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով։ Փառատոնին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։

Համույթների և երգիչների ելույթները գնահատեցին ժյուրիի անդամները։ Ժյուրիի կազմում էին երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը, երաժշտության ուսուցիչ Հասմիկ Ղևենյանը, «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը, Ախալքալաքի Առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետի տեղակալ Օլիկո Մելիքիձեն։

«Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին, հիմնադիրը աշուղ Ալիկ Քսպոյանն է։ Փառատոնի անցկացման ծախսերը կատարվում են տեղական բյուջեից։

Ելույթ ունեցան Բեժանո, Կարտիկամ, Խանդո, Օլավերդ, Չունչխա, Կորխ, Վարևան, Կումուրդո, Բուղաշեն, Ազավրեթ և այլ գյուղերի պարային համույթները։ Ելույթ ունեցան նաև «Մուրջի», Հայկական Երիտասարդական Կենտրոնի և այլ համույթներ։

Գնահատվեցին ինչպես պարերն ու աշուղական երգերի կատարողները, այնպես էլ ամենալավ պարուսույցները։

Փառատոնի արդյունքները.

«Երգ» անվանակարգում

Ժյուրիի համակրանքը դարձավ Գագիկ Ղափլանյանը Կարտիկամ գյուղից, իսկ հանդիսատեսի համակրանքը՝ Արիտա Հունանյանը Արագվայից։

3-րդ տեղ՝ Աղունիկ Հունանյան (Բեժանո)

2-րդ տեղ՝ Ռաֆիկ Ստեփանյան (Ղադոլար)

1-ին տեղ՝ Բաբկեն Բերակչյան (Իխտիլա)

Գրան պրին շահեց Ռոման Չնավյանը Կարտիկամից։

«Պար» անվանակարգում

«Հաջողակ երիտասարդ պարուսույց» մրցանակը ստացավ Նինա Չարմանյանը:

Հանդիսատեսի մրցանակը՝ Կլարա Երիցյանը:

3-րդ տեղը գրավեց Կարտիկամի «Արևիկ» համույթը (ղեկավար՝ Արևիկ Գինոյան):

2-րդ տեղ՝ Հայկական երիտասարդական կենտրոնի անսամբլը (ղեկավար՝ Ռիտա Կարապետյան, Ախալքալաք):

1-ին տեղ՝ «Մուրջի» (ղեկավար Գիորգի Մետրևելի, Ախալքալաք):

Գրան պրին շնորհվեց Կումուրդո գյուղի համույթին՝ Ռադիկ Եզոյանի ղեկավարությամբ։

 

  • Կիսվել: