ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարո Փայլանը Քյութահիայի հայկական եկեղեցու վերաբերյալ հարցապնդում է արել Թուրքիայի խորհրդարան

Կարո Փայլանը Քյութահիայի հայկական եկեղեցու վերաբերյալ հարցապնդում է արել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ Քյութահիայի (Կուտինա) Սուրբ Թորոս եկեկեղեցու վերաբերյալ, որը քանդվել է սեփականատիրոջ կողմից։ Փայլանը պահանջել է, որ իր հարցապնդմանը պատասխանի Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը։

Աղբյուրի համաձայն՝ Փայլանը մասնավորապես նշել է․

«Ըստ հրապարակված լուրերի՝ Քյութահիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին քանդվել է իր սեփականատիրոջ կողմից։ 1603 թ․ կառուցված սույն եկեղեցին կարևոր տեղ է զբաղեցնում այս քաղաքի հիշողության մեջ։ Եկեղեցին որպես նշանավոր հիշողության վայր էր ընդունվում նաև երաժշտագետ Կոմիտասի՝ այստեղ մկրտված լինելու առնչությամբ։ 1915 թ․ հետո ճակատագրի քմահաճույքին թողնված այս եկեղեցին այնուհետև որպես հարսանյաց սրահ և կինոթատրոն է օգտագործվել, իսկ հայ համայնքի՝ եկեղեցին վերականգնելու կամ գոնե որպես մշակութային կենտրոն օգտագործելու կոչերին պաշտոնյաներն անտարբեր էին մնացել։

Սուրբ Թորոս հայկական եկեղեցին 2019 թ․ օգոստոսի 27-ին, Քյութահիայի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհրդի 5407-րդ որոշման համաձայն, գրանցվել էր որպես «Պահպանման կարիք ունեցող գույք»։

Չնայած Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ոչ մեկի հավատքին, դավանանքին, սրբությանը չենք խանռվել, չենք խառնվում և չենք խառնվելու» և նախագահի օգնական Ֆուադ Օքթայի՝ «Թուրքիայում մզկիթները, եկեղեցիները և սինագոգները կողք կողքի են։ Տարբեր կրոններ և մշակույթներ դավանող էթնիկ խմբերի անդամները ևս մեր եղբայրներն են, ուս ուսի տված՝ համատեղ ենք ապրում Թուրքիայում» հայտարարությույններին, հայկական եկեղեցու ավիրումը վշտացրել և ցավ է պատճառել բոլոր քրիստոնյաներին՝ հայ քաղաքացիների գլխավորությամբ։

Դրա կապակցությամբ․

1․ Ինչպե՞ս է Քյութահիայի Սուրբ Թորոս եկեղեցին քանդվել՝ չնայած այն պահպանելու որոշմանը։

2․ Եկեղեցին ավիրած անձի հանդեպ հետաքննություն սկսե՞լ է։

3․ Պահպանության տակ առնված եկեղեցու քանդվելուն տեղիք տված պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն մեկնարկե՞լ է։

4․ Ինչո՞ւ եք լուռ մնում հայերին պատկանող մշակութային հարստությունների ոչնչացմանն ի տես։

5․ Որևէ նախաձեռնությամբ հանդես գալո՞ւ եք՝ եկեղեցին բնօրինակին համապատասխան վերակառուցելու ուղղությամբ»։

 

  • Կիսվել: