չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Jamiroquai-ի համերգով այսօրվանից Հայաստանում մեկնարկում է Silk Note-ը

Jamiroquai-ի համերգով այսօրվանից Հայաստանում մեկնարկում է Silk Note-ը

Նոյեմբերի 6 Երեւանում մեկնարկում է Silk Note երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 10։

Փառատոնին կմասնակցեն այնպիսի աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիք են՝ բրիտանական հայտնի Jamiroquai խումբը, The Parov Stelar Band-ն ու Ալ Դի Մեոլան։ Ըստ կազմակերպիչների՝ երեւանյան համերգները ոչնչով չեն զիջի արտասահմանյան լավագույն համերգներին՝ թե տեխնիկական, թե որակական առումներով։

Ինչպես նշեց Silk Note Festival-ի տնօրեն Արազ Բաղդասարյանը, փառատոնը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը։ Նա հավելեց, որ փառատոնի ընթացքում կհնչի տարբեր ոճի երաժշտություն: «Այս 4 օրերի ընթացքում Երեւանը դառնալու է էմոցիոնալ մի վայր»,- խոսատացավ Բաղդասարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն էլ ավելացրեց, որ փառատոնի նպատակներից է նաև մարզերում մշակութային կյանքի խթանումը։ Հենց այդ նպատակով էլ Silk Note-ի համերգներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է մարզային մշակութային կենտրոնների ստեղծմանը:

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի խոսքով՝ փառատոնի համար հատուկ է ընտրվել նոյեմբեր ամիսը, քանի որ այս շրջանում զբոսաշրջիկների հոսքն ավելի պասիվ է։ Ուստի սա հնարավորություն է երկարացնելու զբոսաշրջային սեզոնը։

Նա հավելեց, որ հատուկ հրավիրվել են այնպիսի արտիստներ, որոնց երկար տն սպասել Հայաստանում: Ինչ վերաբերվում է Jamiroquai խմբին, ապա նրա անդամները արդեն հասցրել են ծանոթանալ Հայաստանին և հիանալ մեր երկրով։ «Նրանց այնքան է գերել Հայաստանը, որ  ցանկություն են հայտնել ավելի երկար մնալ այստեղ»,- նշեց Սարգսյանը:

Silk Note-ի շրջանակում Հայաստան է ժամանել նաև աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասի եղբայր՝ պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, որը փառատոնի գործընկեր Berin Iglesias Art ընկերության համասեփականատերն է։ Իգլեսիասը նշեց, որ Silk Note-ը հրաշալի հարթակ է համաշխարհային աստղերի Հայաստան բերելու համար:  «Մեր նպատակն է ձեր հրաշալի երկրի միջոցով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ մշակութային կամուրջ ստեղծել: Այս փառատոնը այդ ամենի սկիզբն է։ Այն փաստը, որ մեր ընկերությունն այսուհետ գործելու է նաեւ Հայաստանում խոսում է այն մասին, որ ձեր երկիրը մեծ հնարավորություններ ունի մշակութային միջոցառումներ հյուրընկալելու հարցում»,- ասաց նա՝ չբացառելով, որ հաջորդ տարի Հայաստան կարող է գալ նաև Էնրիկե Իգլեսիասը:

«Մենք արդեն խոսել ենք Էնրիկեի հետ, նրան շատ է հետաքրքրել այս նախագիծը: Հիմա քննարկվում է նրա մյուս տարվա շրջագայությունների ցանկը, որպեսզի հասկանանք` երբ հնարավոր կլինի կազմակերպել այցը Հայաստան»,-նշեց նա:

Berin Iglesias Art ընկերության նախագահ Մաքսիմ Բերինը ուրախությամբ հայնտեց, որ ավելի քան 15 տարի միջազգային իվենթներ կազմակերպող ընկերությունն այսուհետ գործելու է նաեւ Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանի հանդեպ իրենց հետաքրքրությունը պայմանավորված է վերջին 8 տարիների ընթացքում Երեւան կատարած հաճախակի այցերով եւ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ ծանոթությամբ. «Մեզ բախտ է վիճակվել աշխատել Շառլ Ազնավուրի հետ, որը շատ բաներ է պատմել Հայաստանի մասին»:

Ըստ նրա փառատոնը Հայաստանի առաջ նոր դռներ կբացի դեպի համաշխարհային շոու-բիզնես: «Կփորձենք բերել ոչ միայն հայտնի արտիստների, այլեւ սպասված ցուցահանդեսներ, ներկայացումներ, օպերաներ եւ մշակութային այլ իրադարձություններ»,- խոստացավ Բերինը։

 

  • Կիսվել: