ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելցի հայտնի երաժիշտ Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում

Իսրայելցի հայտնի երաժիշտ Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա
Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Երեկոն նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին:

Կհնչեն ինքնատիպ դասական ջազային կատարումներ: Համերգի կազմակերպիչը Prime Production-ն է:

Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ սիրահարվում է ջազին:

Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում:

Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով. ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ:

  • Կիսվել: