երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հե՛տ կանչել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը․ Հայկ Դեմոյանն առաջարկում է Համադրող մարմին ստեղծել և հայցադիմում ներկայացնել ԿԳՄՍՆ

Հե՛տ կանչել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը․ Հայկ Դեմոյանն առաջարկում է Համադրող մարմին ստեղծել և հայցադիմում ներկայացնել ԿԳՄՍՆ

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շարունակում է  մնալ բուռն քննարկումների կիզակետում։ Որոշ մասնագետներ պնդում են, որ դասագրքում հայոց պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կոչով դիմել է պատմաբաններին, փաստաբաններին, ուսուցիչներին, ծնողներին։ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է, որ ԿԳՄՍ Նախարարությունը նպատակահարմար չի համարել շահագրգիռ քննարկում անցկացնել՝ ակնհայտորեն տապալելով դասագիրքը փորձաքննության ենթարկելու կարևորագույն փուլը։ 

Դեմոյանն առաջարկում է ստեղծել Համադրող մարմին։ «Առաջին փուլով ստեղծվում է Համադրող մարմին՝ մանկավարժների, պատմաբան-մասնագետների ու փաստաբանների մասնակցությամբ՝ կամավոր ինքնաառաջադրման սկզբունքով։ Առաջնահերթությունը կտրվի այն մասնագետ-գիտնականներին, ովքեր գրավոր տեսակետ են ներկայացրել դասագրքի բովանդակության շուրջ։ Համադրող մարմինը կազմում է մեկ ընդհանուր գրախոսական ու մասնագիտական եզրակացություն դասագրքի վերաբերյալ, որը կտպագրվի առանձին գրքույկով՝ ուսուցիչներին ու շահագրգիռ անձանց տրամադրելու համար։ Այս գրախոսությունը կտրամադրվի փաստաբաններին՝ ընդդեմ ԿԳՄՍ-ի ընդհանուր հայցադիմում ներկայացնելու համար։

Հիմնական պահանջերն են՝ դասագրքի հետկանչը, դրա խոտանումը և պետությանը հասցված վնասի փոխհատուցումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբանը։ Հայկ Դեմոյանը նաև առաջարկում է գրախոսական տեքստի կազմման աշխատանքները սկսել դեկտեմբերի 1-ին և ամբողջացնել դեկտեմբերի 10-ին։ Գրառման մեկնաբանություններում որոշ փաստաբաններ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ առաջարկության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ դասագրքում կարող են լինել որոշ թերություններ, ինչպես եղել են նախկին դասագրքերում․ «Դրանք ժամանակի ընթացքում նկատվում և սրբագրվում են, նույն բանը կարող է լինել իմ դասագրքի հետ»։ Այնինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հակառակ կարծիքին է․ «Դասագիրքը, կարծում եմ, շատ լավն է, իսկ եթե դրա մեջ կան տեխնիկական վրիպակներ, մենք այս մեկ տարվա ընթացքում բոլորը կշտկենք»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր նախարարը։

  • Կիսվել: