շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

Մակրոնը շեշտել է, որ կրկին հնչեցրել է իր պահանջը՝ ազատ արձակել Իրանում պահվող ֆրանսիացի քաղաքացիական ակտիվիստներ Սեսիլ Կոլերին և Ժակ Փարիզին՝ նրանց կալանավորումն անարդար և անմարդկային անվանելով։

Նա իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։

«Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, և նա պետք է տա բոլոր երաշխիքները, որ իր մտադրությունները խաղաղ բնույթ են կրում»,– գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դեռևս հնարավոր է գտնել ուղի՝ պատերազմից դուրս գալու և ավելի լուրջ վտանգներից խուսափելու համար։

«Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպական գործընկերների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները»,– նշել է Մակրոնը։

 

  • Կիսվել: