ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ գիտնականը, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում

Հայ գիտնականը, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Starmus VI Armenia փառատոնի շրջանակում անդրադարձել է հայ գիտնականին, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում․ խոսքը Յուրի Հովհաննիսյանի մասին է:
Փառատոնի ֆեյսբուքյան էջում ներկայացված են գիտնականի ձեռքբերումները, ասվում է, որ Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ու նա լուրջ աշխատանքներ ունի կատարած փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտում, մասնավորապես՝ գերծանր քիմիական տարրերի վերաբերյալ․․․
 
Ուրեմն տեսեք, պարբերական աղյուսակում բոլոր այն տարրերը, որոնց ատոմական կարգաթիվը (ատոմում պրոտոնների թիվը) մեծ է 92-ից, դասվում են տրանսուրանային (Ուրանի ատոմական կարգաթիվը 92-ն է) տարրերի շարքին, իսկ 100-ից մեծ ատոմական կարգաթիվ ունեցող տարրերին արդեն անվանում են գերծանր։ Հենց այսպիսի տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր են իրականացվել Հովհաննիսյանի գլխավորությամբ, ու նա համահեղինակ է հանդիսանում գերծանր տարրերի (104-108) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործության:
 
Բայց Հովհաննիսյանը, ամեն դեպքում, ամենալայն շրջանակներին հայտնի է այն բանով, որ իր անունով տարր կա պարբերական աղյուսակում՝ օգանեսոնը (լատիներեն՝ Oganesson, Og)՝ 118 ատոմական կարգաթվով, այսինքն՝ պարբերական աղյուսակում 118-րդն է։ Միջանկյալ ասենք, որ բնության մեջ հանդիպում են առաջին 94 տարրերը, իսկ դրանից հետո եկողները (այդ թվում՝ օգանեսոնը) ստացվում են միայն արհեստական ճանապարհով՝ լաբորատորիաներում:
 
Ինչո՞ւ տարրը անվանակոչվեց հենց Հովհաննիսյանի անունով, ու ինչո՞ւ գործ ունի տարրի վերջում «on» մասնիկը․․․
 
Նախ, 2015 թվականի դեկտեմբերի վերջին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) մամուլի հաղորդագրություն տարածեց, որ հաստատվել են Մենդելեևի պարբերական աղյուսակի 4 նոր տարրերի բացահայտումը․․․ այդ տարրերի ատոմական կարգաթվերն են՝ 113-ը, 115-ը, 117-ը և, իհարկե, 118-ը։ Հետագայում արդեն՝ 2016 թվականի հունիսին, IUPAC-ը պաշտոնապես հայտարարեց 4 նոր տարրերի անվանումները՝ Nihonium (Նիհոնը Ճապոնիա բառի ճապոներեն արտասանություններից մեկն է), Moscovium, Tennessine և Oganesson: Ըստ նոր տարրերի անվանակոչման ավանդույթի՝ կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկը հայտնի տարրերը անվանակոչել է գիտնականների պատվին։ Ու հենց այսպես էլ պարբերական աղյուսակի 118-րդ տարրը ստացել է իր Oganesson անվանումը։ Այն առաջարկել են Դուբնի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (Ռուսաստան) և Լոուրենսի անվան լիվերմորյան ազգային լաբորատորիայի (ԱՄՆ) գիտնականները, ովքեր էլ հենց ստացել են այդ տարրը։ Իսկ, ինչ վերաբերվում է վերջին «on»-ին, ապա այն նույնպես ավելացել է ավանդույթի ուժով… Բանն այն է, որ 1-16 խմբին պատկանող տարրերի վերջում գրվում է «ium», 17-րդ խմբին պատկանող տարրերի վերջում «ine», իսկ 18-րդ խմբին պատկանող տարրերի վերջում «on»… ու հենց այսպես էլ ստացվել է oganesson:
 
Նշենք նաև, որ Հովհաննիսյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, թղթակից անդամ, ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ինչպես նաև Սերբիայի գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ:
 
2017 թվականին գործողության մեջ է դրվել Հովհաննիսյանին նվիրված նամականիշ՝ 40 հազար հատ տպաքանակով։ 2018-ին գիտնականին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, ինչպես նաև Հայաստանում մարվել է նրան նվիրված հատուկ ծրար, որի վրա պատկերված է oganesson-ը։
 
Հայ ֆիզիկոսը նաև պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում` Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

    
 

  • Կիսվել: