ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե հիմա պարապեմ, գուցե չկարողանամ այդկերպ նվագել․ Սևակ Ավանեսյանը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչած «Կռունկ»ի և «44» խորագրով համերգի մասին

Եթե հիմա պարապեմ, գուցե չկարողանամ այդկերպ նվագել․ Սևակ Ավանեսյանը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչած «Կռունկ»ի և «44» խորագրով համերգի մասին

«Շուշիում նվագելով՝ ես փորձեցի ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ինչ է կատարվում պատերազմի ժամանակ։Կարծում եմ՝ իմ ասելիքը չհասավ աշխարհին, բայց ուրախ եմ, որ մեր պատմության մեջ կարողացա թողնել այդ կաթիլը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է Սևակ Ավանեսյանը։

Բելգիահայ թավջութակահար, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր Սևակ Ավանեսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։ Կատարումը հուզեց ու անտարբեր չթողեց բոլորիս։ «Կռունկ» ստեղծագործության ընտրությունը եղել է պատահաբար: Մինչ այդ պահը թավջութակահարն այն երբեք չի նվագել: Հենց նստել է աթոռին, հասկացել է, որ «Կռունկը» պետք է նվագի: «Ո՛չ պարապել էի, ո՛չ էլ գիտեի տոնայնությունը: Եթե հիմա պարապեմ, գուցե չկարողանամ այդ կերպ նվագել»,-ասում է նա:

Երևանում կայանալիք «44» խորագրով համերգային երեկոյին է պատրաստվում Սևակ Ավանեսյանը․

«Ծրագիրը որոշելիս և բաժինների բաժանելիս հասանք 44-րդ րոպեին և մտածում էինք՝ էլ ինչ անենք։ Որոշեցինք կանգ առնել հենց այդտեղ և այլևս ոչինչ չավելացնել»,- պատմում է նա։

«44» խորագրով համերգին մասնակցում է նաև «Տաղարան» համույթը, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է։ Առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ Սևակ Ավանեսյանի և «Տաղարան» համույթի համար գրած «Ձայն hիշողության» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա)։ Հնչելու է նաև նաև Շարաֆյանի «Հայաստան»-ը՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, ինչպես նաև 2 մաս թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից։ Թավջութակահարը պատմում է՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ խոսել են համերգի անհրաժեշտության մասին, բայց ցանկությունը, որ հենց նոյեմբերի 9-ին իրականացվի այն, եղել է իրենը։ Պատահական չէ նաև համերգի խորագիրը՝ 44։ Համերգին ներկայացվելու են նաև Լ. Բոկերինիի կոնցերտ թիվ 7 և «Սասնա պար» (Մարտին Ուլիխանյանի մշակմամբ) ստեղծագործությունները։ Սևակը հիշում է՝պատերազմին Արցախում գտնվելու օրերին իրեն «ուղեկցել» է Բոկերինիի կոնցերտը։ Դա է եղել պատճառը, որ ընտրել է հենց այդ գործը։

«Լռելը ճիշտ չէ։ Ճիշտ է՝ այն ամենահեշտ ելքն է։ Մեր խոսելու ձևը երաժշտությունն է։ Ինչպես գրողն է պարտավոր գրել, պարողը պարել, շինարարը կառուցել, ես պարտավոր եմ նվագել։ Այս օրերին լռելն ինձ համար ամենահեշտ ելքն է, բայց ես չեմ լռում։ Պարտավոր եմ իմ ժողովրդի հետ խոսել այն լեզվով, որը ես գիտեմ։ Ես շատ բան եմ զգում, բայց իմ խոսքերը, թերևս արժեք չունեն, բայց իմ նվագն ունի։ Իմ բոլոր մտքերն ու զգացողություններն ասում եմ երաժշտության միջոցով։ Երաժշտությունն այն լեզուն է, որով ես փոխանցում եմ իմ ասելիքը։ Դա է իմ մասնագիտությունը, պարտականությունը և, թերևս, առաքելությունը», - մեզ հետ իր մտորումներն է կիսում  Սևակ Ավանեսյանը։

Նա շեշտում է, որ մենք պետք է հիշենք մեր հերոսներին՝ կենդանի և զոհված, որոնց շնորհիվ մենք ապրում ենք․

«Երբ ժամանակին մտնում էի Ծիծեռնակաբերդ, գենետիկորեն փոխանցված ողբն էր ինձ գալիս այցի՝ կարդացած գրքերն ու լսած պատմությունները։ Իսկ այսօր, երբ լինում եմ Եռաբլուրում, տեսնում եմ՝ իմ աչքով տեսածն ու ապրածը՝ իմ ընկերներին ու եղբայրներին։ Սա շատ անգամ ցավոտ է հենց ինձ համար»։

  • Կիսվել: