կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկխոսություն՝ փարաջանովյան լեզվով. երևանյան բեմում կներկայացվի հայ- ֆրանսիական «Նռան գույնը» պարային բեմադրությունը

Երկխոսություն՝ փարաջանովյան լեզվով. երևանյան բեմում կներկայացվի հայ- ֆրանսիական «Նռան գույնը» պարային բեմադրությունը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երևանյան բեմում կլինի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրությունը, որն արդեն ներկայացվել է Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց՝ ներկայացման իրագործումը հայ-ֆրանսիական վաղեմի բարեկամության արդյունքն է:

Խոսելով Փարաջանովին նվիրված նախաձեռնությունների մասին՝ փոխնախարարը հիշեցրեց, որ միջոցառումները մեկնարկել են կինոռեժիսորի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին. անդրադարձել են Փարաջանովի կինոարվեստին և շարունակելու են նրա ժառանգությունը հանրահռչակել արվեստի տարբեր ժանրերում:

«Ֆրանսիայում տարին մեկնարկեց «Նռան գույնը» ներկայացմամբ, որի բովանդակության հիմքում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն է, գաղափարի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է, իսկ խորեոգրաֆը՝ Մուրադ Մերզուկին: Փարաջանովը մեծ ժառանգություն է թողել, սակայն շատերը ծանոթ են նրա միայն «Նռան գույնը» ֆիլմին, կոլաժներին: Ըստ իս՝ այս ներկայացմամբ կպատասխանենք այն հարցին, թե ով է Փարաջանովը երիտասարդ սերնդի համար», - շեշտեց Դանիելյանն ու հավելեց՝ ներկայացումը՝ Փարաջանովի կատարած աշխատանքի, նրա էության, կյանքի ներշնչանքի դրսևորումն է՝ օտարի աչքերով:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի խոսքով՝ կարևորել են այն, որ ներկայացումը բեմադրել է օտարազգին:

«Երբ ապրում ես Ֆրանսիայում, անում ես բեմադրություն հայերի ու ֆրանսիացիների հետ, ակամայից Հայաստանի մշակույթը տանում ու ներկայացնում, տարածում ես քո երկրում: Մշակույթը ոչ միայն արձանագրվում է գրքերում, պատմության մեջ, այլև մարդկանց միջոցով, որոնք ապրում են, արարում են», - շեշտեց Սարգսյանն ու ընդգծեց՝ դա հաշվի առնելով են ֆինանսական աջակցություն ցույց տվել նախաձեռնությանը:

«Նռան գույնը» ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում: Այդ նպատակով Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը, «Տոբոգան» և «Գասկոն» ֆրանսիական թատրոնների տնօրենները, ինչպես նաև ներկայացման դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը:

Ներկայացման երաժշտությունը գրել և ձայնագրել է «Հող» խումբը, իսկ բեմադրության հագուստների ձևավորման հեղինակը Էդգար Մանուկյանն է:

Սաթէ Խաչատրյանի հավաստիացմամբ՝ Փարաջանովի արվեստն ավելի հասանելի դարձնելու համար ընտրել են պարի լեզուն: Որոշել են համագործակցել Մուրադ Մերզուկիի հետ, քանի որ նա տաղանդավոր է, ճանաչված՝ ոչ միայն Ֆրանսիայում. բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել Ֆրանսիայից դուրս:

«Ինձ  համար կարևոր էր տեսնել, թե ինչպես են այլ մշակույթի կրողներն ընկալում մեր մշակույթն ու այն մատուցում: Երբ խոսում ենք Փարաջանովի մասին, հիշում ենք ազատության, համարձակության, երկխոսության մասին: Մեր նախագիծն այս երեք բառերի ամփոփումն է, որ լավագույնս ներկայացնում է Սերգեյ Փարաջանովին»,-շեշտեց նախագծի գաղափարի հեղինակն ու տեղեկացրեց՝ ներկայացման մեջ զբաղված են  և՛ հայ, և՛ ֆրանսիացի պարողներ:

Մուրադ Մերզուկին հայկական ժողովրդական պարը համադրել է հիփ-հոփի, ժամանակակից պարի հետ: Նա խոստովանեց՝ հուզված է, քանի որ իրեն շատ հետաքրքիր է, թե ինչպես Հայաստանի հանդիսատեսը կարձագանքի ներկայացմանը:

«Փարաջանովը ժամանակից վեր ստեղծագործող է: Նա անգամ ժամանակից առաջ էր ընկած: Եթե չիմանայինք, որ հարյուր տարի առաջ է ծնվել, կթվար, որ վերջերս է նկարահանել իր ֆիլմերը: Նրա աշխարհ ներթափանցելու տարբեր դռներ կան, և մենք կարող ենք նույն ֆիլմը դիտելիս տարբեր ընկալումներ ունենալ: Այս ներկայացումը ստեղծել եմ՝ ներշնչվելով նրա մտածողությունից, ներաշխարհից՝ պահպանելով այն ազատությունը, որն ինձ է պատկանում»,-շեշտեց Մերզուկին:

Մարտի 17-ին բեմադրությունը ներկայացվելու է Վրաստանում՝ Ռուսթավելիի անվան թատրոնում:

Ներկայացումը մարտի 15-ին և 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Բեմադրության իրականացմանն աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, Լիոնի Մետրոպոլը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Լիոնում Հայաստանի հյուպատոսությունը: Նախագծի կայացմանն աջակցել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի ՀԲԸՄ-ի ֆրանսիական մասնաճյուղը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները: Նախագծի գործընկերն է Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Հայ-ֆրանսիական նախագիծն իրականացրել են ֆրանսիական «Սաթէ-աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, «Արտ-Իմաժ» մշակութային կազմակերպությունը:

  • Կիսվել: