շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանը երկու օր կդառնա լայնամասշտաբ հայագիտական քննարկումների տարածաշրջանային մեծ հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

Երևանը երկու օր կդառնա լայնամասշտաբ հայագիտական քննարկումների տարածաշրջանային մեծ հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

 «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել է պատկառելի ժառանգություն, արձանագրված են ձեռքբերումներ, բավականին շատ է խոսվել ու գրվել և դեռ շարունակվելու է խոսվել ու գրվել Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած ավանդի, համաշխարհային պատմության համատեքստում նրա ներդրումների ու դերակատարության մասին։

«Սակայն պետք է արձանագրել, որ բազմապատկված մարտահրավների պայմաններում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումները, որոնք նույնպես վտանգավոր են դարձել, ուստի այդ ամենին հակազդելու նպատակով գիտաժողովի ընթացքում բազմաթիվ նոր տեղեկություններ կբերվեն, վեր կհանվեն ու կբացվեն նոր շերտեր Հայաստանի ու հայ ժողովրդի հարևան պետությունների ու ժողովուրդների հետ առնչությունների վերաբերյալ, կկարևորվի Հայաստանի ունեցած դերը տարածաշրջանում, արժանագույնս կգնահատվի հայ ժողովրդի դերն ու ազդեցությունը կովկասյան երկրների պատմության, մշակույթի բնագավառներում»,-ասաց Սաղյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովի մասնակիցների մասնագիտական բարձր հեղինակությունը, ինչպես նաև լայն աշխարհագրությունը ցույց են տալիս, որ Հայաստանի, որպես քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի, վերաբերյալ գիտական քննարկումները կարևոր ու արդիական են մեր օրերում և վկայությունն են տարբեր սերունդների հայագետների նվիրումի, ջանքերի, ինչը հնարավոր է դարձրել հայագիտության շարունակականությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև բազմաթիվ այլ երկրներում։

  • Կիսվել: