ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Էրեբունի» թանգարանի նոր մասնաշենքը ժամանակի միջով վիրտուալ շրջագայության հնարավորություն կտա

«Էրեբունի» թանգարանի նոր մասնաշենքը ժամանակի միջով վիրտուալ շրջագայության հնարավորություն կտա

Նոր մասնաշենքի կառուցումից հետո «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով մեր օրերից ուրարտական դարաշրջան կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ:

Ըստ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:

«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,-ասում է Միքայել Բադալյանը:

Նա նշում է նաև, որ թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև ժամանցի կազմակերպման վայր:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով:

Այստեղ կլինեն նոր ցուցասրահներ, որտեղ կանցկացվեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ:

Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ:

Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:

  • Կիսվել: