ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դերսիմում գտնվել է 500 տարվա հայկական գերեզմանաքար

Դերսիմում գտնվել է 500 տարվա հայկական գերեզմանաքար

Ներկայում Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Դերսիմ (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Թունջելի) նահանգում գտնվել է անցյալ տարի պատմական մի վայրից գողացված և որոնման մեջ գտնվող հայկական գերեզմանաքարը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է ռուսական «Սպուտնիկ» լրատվականի թուրքերեն ծառայության կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ խոյի գլխով պատկերը կրող այդ գերեզմանաքարը գողացվել էր Դերսիմի կենտրոնին ենթակա Չըլգա գյուղի՝ մոտ 500-ամյա հնությամբ գերեզմանոցում անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա մասին Դերսիմի թանգարանային տնօրինությանը հայտնել էին տեղի բնակիչները։ Թանգարանի իրավասուներն էլ դիմել էին Թանգարանային գլխավոր տնօրինությանը, դատախազությանը և անվտանգության ուժերին։

Մոտ 200 կգ ծանրությամբ այդ գերեզմանաքարը նկատվել էր Դերսիմի Բուզլուփընար գյուղում, մի լքված տան հետնամասում։ Այն ծածկված էր եղել այլ քարերով, որպեսզի աննկատ մնար։ Համապատասխան մարմիններն այն գտնելուց անմիջապես հետո տեղափոխել են թանգարան։

Ի դեպ, թուրքական և թուրքալեզու լրատվամիջոցները չեն նշում գերեզմանաքարի հայկական լինելու մասին։ Սակայն գերեզմանաքարի վրա փորագրված պատկերներն ապացուցում են նրա հայկականությունը։

Հիշեցնենք, որ այժմյան Թուրքիայի ամենամեծ նահանգներից մեկը եղող Դերսիմն ընդգրկում է պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը։ Պատմական Դերսիմը բաժանված էր 2 մասի՝ Դաշտային և Լեռնային։ Առաջին աշխարհամարտից առաջ Դերսիմն ընդգրկված էր Խարբերդ նահանգի կազմում։

Այս տարածքի լեռնածածկ լինելու և հիմնականում հայ, զազա և քուրդ ալևի բնակչությամբ բնակեցված լինելու շնորհիվ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի զանգվածային կոտորածներ չեն եղել այստեղ։ Շատ հայեր Դերսիմում ապաստան են գտել ալևիների մոտ և պահպանել հայկական ինքնությունը։ Վերջին տարիներին նկատելի է նման հայերի վերադարձ ինքնությանը և որոշակի գործունեություն հայկական արմատները պահպանելու ուղղությամբ։

  • Կիսվել: