շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում ամբարտակի ջրի մակարդակի իջեցման հետևանքով պատմական եկեղեցի է ի հայտ եկել (լուսանկարներ)

Թուրքիայում ամբարտակի ջրի մակարդակի իջեցման հետևանքով պատմական եկեղեցի է ի հայտ եկել (լուսանկարներ)

Դերսիմի և Խարբերդի միջև գտնվող Քեբան ամբարտակի ջրի մակարդակի իջեցման հետևանքով ի հայտ է եկել Միյադին (Միածին?) պատմական եկեղեցին։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դերսիմի Չմշկածակ գավառին ենթակա Ալչըլը գյուղի Գեմիջի կոչվող վայրում գտնվող Քեբան ամբարտակի տակից դուրս է եկել շուրջ 300-ամյա հնություն ունեցող Միյադին եկեղեցին։ Թեև թուրքական աղբյուրը դրա մասին որևէ բան չի նշում, այնուամենայնիվ ենթադրելի է, որ խոսքը գնում է հայկական եկեղեցիներից մեկի մասին։

Տեղի բնակիչները թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել են, որ եթե եկեղեցին վերականգնվի, ապա այն կարող է ծառայել տեղի զբոսաշրջության զարգացմանը։

Գյուղացիներից Ֆաթիհ Քարաթեփեն շեշտել է, թե եկեղեցու 4 պատերը ջրի տակ անգամ կանգուն են մնացել, իսկ մեկ այլ բնակիչ՝ Զեքերիա Դիլմենն ընդգծել է, որ իր պապի պատմածների համաձայն՝ եկեղեցու գտնված վայրում ժամանակին մոտ 20 ընտանիք է ապրել։

Եկեղեցին տարիներ շարունակ ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին, ովքեր պոկել են կառույցի քարերը։

  • Կիսվել: