շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցուցահանդեսի բացում, հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են

Ցուցահանդեսի բացում, հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը փետրվարի 3-ին սովորականից մարդաշատ էր՝ մշակութային ոգով լցված. հասուն և փոքրիկ երկրպագուներին իր շուրջ էր համախմբել կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որի 85-ամյակի առթիվ բացվեց մաեստրոյին նվիրված ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական ցուցադրության մեջ ներկայացվում են Մանսուրյանի կյանքն ու գործունեությունը ոչ միայն հեղինակային տեքստերի, այլև նկարազարդումների տեսքով, ոգի ստանում կոմպոզիտորի մեղեդիների ներքո:

«Մետրո են մտնում մշակույթը, գեղեցիկը, ազգային գիտակցության լավագույն էջերը, որ որևէ մեկին չեն պարտադրում իրենց ներկայությունը, բայց նաև ուղեկցում են մարդուն գործի գնալուց, տուն գնալուց, հոգսերի մեջ, հոգսերից դուրս: Լավ է, որ գեղեցիկը կա կողքիդ»,-ասաց մաեստրոն:

Ցուցադրության կազմակերպիչների հետ կայարանում շրջելուց հետո Մանսուրյանը խոստովանեց՝ հիշեց իր մանկությունը, Արթիկ քաղաքը:

«Ես Բեյրութում եմ ծնվել: 1947-ին եկանք և հաստատվեցինք Արթիկում. այդ տարիները սիրով եմ հիշում․ Արթիկը, մեր տունը, մեր ընտանիքը»,-ասաց նա:

Կոմպոզիտորը կարծում է՝ փոթորկոտ շրջանում ենք և տարուբերումներին չտրվելու համար պետք է հողի, երկրի, հայոց լեզվի, սրբությունների զավակը մնալ, ինչը թույլ չի տա հեշտ տրվել քամուն, ունայնությանը:

Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում շատ սպասված է հոբելյանական համերգը, որը «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կայանալու է փետրվարի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին կոմպոզիտորի ակադեմիական գործերը կատարելու են Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբն ու սիրված մենակատարներ:

Համերգը ղեկավարելու է դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը:

«Համերգային ծրագիրը խորագիր ունի՝ «Լեզու և երաժշտություն»: Բոլոր գործերը երգվող են. մի մասը երգչախումբ, մյուս մասը՝ մեներգիչ: Հիմնականում հայ բանաստեղծներն են, մեր դասականները՝ Բաղդասար Դպիր, Իսահակյան, Չարենց, Տերյան, նաև մեզանում քիչ երաժշտության տրվող այն բանահյուսությունը, որ ժառանգել ենք  և որը մեծ հարստություն է․ խոսքը ոչ թե գրական հեղինակային գործերի մասին է, այլ ժողովրդական ծագում ունեցող գործերի, որտեղ բարբառներն այնքան կենդանի, այնքան վառ գույներով են ներկայացնում ժամանակաշրջանն ու նրա սովորույթները»,-ընդգծեց Մանսուրյանն ու մանրամասնեց՝ երեկոյին հնչելու են «Զուգահեռ երգեր», «Քավարան», «Տարվա եղանակներ» ստեղծագործությունները:

Անդրադառնալով Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն ունի՝ Մանսուրյանը նկատեց․ «Քանի որ հիշատակեցի լեզվի և երաժշտության, հայ պոեզիայի, հայ բանաստեղծության և երաժշտության կապի մասին, պետք է նշեմ, որ Մլքեյանի հետ մեր կապն այդ ուղղությամբ է ընթացել: Բոլոր այն համերգները, որ կապված են երգչախմբի հետ կամ երգչախումբ կամ մեներգիչ ծրագրով են, իմ լավ բարեկամ, շատ տաղանդավոր ու սիրված երաժիշտ Ռոբերտ Մլքեյանն է ղեկավարել»:

Ռոբերտ Մլքեյանի հավաստիացմամբ էլ իր և Մանսուրյանի համատեղ աշխատանքը  ստացվում է, քանի որ պարտիտուրներից բացի ինքը փայլուն գիտի կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուժը, եռանդը, նրա զգացողությունները:

«Շատ դժվար է առանց այդ ամենն իմանալու կայացնել այնպիսի հզոր ստեղծագործություններ, հանճարող գործեր, որ գրել է Տիգրան Մանսուրյանը: Մենք շատ երկար շփվում ենք կյանքի տարբեր դրվագներում և իրար շատ լավ գիտենք: Այն ամենը, ինչը շնչառության է վերածվում իմ ձեռքով, պետք է Մանսուրյանը նշի: Նա ասում է. «Ռոբերտ, շնչառությունները վերականգնեցիր բոլոր գործերին, որոնք այսօր կատարվում են»»:

Համերգային երեկոն կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի շրջանակներում․ մրցույթ, որը հաջողություններ է գրանցում:

«Նախորդ տարի մրցույթին 13 երկրից 24 կոմպոզիտոր էր մասնակցել: Մեզ համար շատ կարևոր էր մրցույթն ամենամյա դարձնել և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ներկայացնել հայ մշակույթը, այն ավելի պահանջված դարձնել: Երկրորդ տարվա միջոցառումների մեկնարկը ցույց է տալիս, որ մենք բավականին մեծ առաջընթաց ունենք»,-շեշտեց «Կողբ» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը:

Օրեր առաջ մրցույթի կազմակերպիչների հետ Բուենոս Այրեսից կապ է հաստատել օտարազգի մի կոմպոզիտոր ու խնդրել Վահան Թեքեյանի բանաստեղծության հայերեն տեքստը մրցույթին մասնակցելու համար, ինչը վկայում է, որ մրցույթը ճիշտ ճանապարհի վրա է:

«Կոմպոզիտորների մրցույթներն այսօր առավել կարևոր են, քան տասը տարի առաջ, քանի որ կոմպոզիտորները ներկայանալու շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն: Երիտասարդ կամ ոչ մեծանուն ստեղծագործողներն ունկնդիրներին ներկայանալու հնարավորությանը դժվարությամբ են հասնում: Ըստ իս՝ մրցույթը շատ լավ հարթակ է դրա համար»,-հավաստիացրեց Մանսուրյանի անվան կոմպոզիտորական երկրորդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Դավիթ Հալաջյանը:

Ըստ նրա՝ մրցույթը հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի, հայ մշակույթի, հայ պոեզիայի ու երաժշտության նկատմամբ:

Մաեստրոյին անակնկալ մատուցելով՝ «Հայփոստ»-ը ներկայացրեց և նրան նվիրեց  «Մեծանուն հայեր. Մանսուրյան միջազգային մրցույթ» թեմային նվիրված նամականիշը, որն արդեն թողարկվել և դրվել է շրջանառության մեջ:

«Կողբ»-ը խոստանում է՝ մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն:

  • Կիսվել: