Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան:
Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» և Հայաստանի պարի պետական անսամբլները, ինչպես նաև «Բերդ» պարային անսամբլը։ Հյուսիսային պողոտայի և Եվրոպայի հրապարակում հանդես կգան Սոֆի Դևոյանի դպրոցի սաները, Հանրապետության հրապարակում՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, իսկ նախարարությանը հարակից տարածքում՝ «Նանե դանս շոու» խմբի սաները: Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30:
ՀՀ մարզպետարանները նախապես տեղեկացվել են միջոցառման մասին․ մարզերում ևս կգործեն պարային ֆլեշմոբի հարթակներ։ Երևանում և մարզերում կազմակերպվել են նաև պարի ուսուցման դասընթացներ դպրոցներում:
Պարին նվիրված հանրային արշավը նպատակ ունի հանրահռչակել պարարվեստը՝ խրախուսելով ազգային պարերը։ Պարային ֆլեշմբի մասնակիցները պարելու են քոչարի և վերվերի։