Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ կապերի զարգացմանը. Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հարցազրույցը
Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցությունը նշանակալի և խոստումնալից ներուժ ունի՝ հաշվի առնելով երկկողմ պատմական կապերը, մշակութային ավանդույթներն ու հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների ցանկությունը:
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ անդրադարձ կատարելով հայ-ղազախական միջմշակութային կապերին, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև զարգացող հարարաբերություններին և երկկողմ գործընկերության հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին:
Աիդա Բալաևան նկատել է, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները արագընթաց կերպով զարգանում են, որն առաջին հերթին ցույց է տալիս հայ և ղազախ ժողովուրդների միջև կապերն ընդլայնելու և նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ երկու երկրների ղեկավարությունների կողմից գործադրվող ջանքերը:
- Տիկին նախարար, վերջին տարիներին նկատելի է, թե ինչպես են զարգանում ու խորանում հայ-ղազախական հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային ոլորտում։ Ինչպե՞ս կգնահատեիք հայ-ղազախական միջմշակութային հարաբերությունների ներկա մակարդակը և ի՞նչ առանձնահատկություններ կառանձնացնեիք այս ոլորտում։
- Ղազախստանն ու Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական և վստահելի հարաբերություններ։ Մեր երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել։ Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որոնք սերտորեն զարգանում են փոխադարձ հիմունքներով։
Վերջին տարիների մշակութային իրադարձությունները, ինչպիսիք են «Ղազախական գրականության անթոլոգիան» հայերեն գրքի շնորհանդեսը, «Աբայ-175» ժողովածուի շնորհանդեսը, ղազախական հեքիաթների թարգմանությունը հայերեն և ղփչաղերեն հայագիտական գրավոր հուշարձանների թեմայով միջազգային գիտաժողովները վկայում են մեր մշակութային պահպանման և փոխադարձ խթանման նկատմամբ երկու երկրների խորը հետաքրքրության մասին։
- Ո՞րն է Ձեր այցի նպատակը Հայաստան։ Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
- Մշակութային օրերի փոխադարձ անցկացումը բարի ավանդույթ է դառնում մեր երկրների միջև փոխգործակցության մեջ։ Անցյալ տարի Ղազախստանում հաջողությամբ անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը։ Ղազախ հանդիսատեսն ուրախ էր ծանոթանալ հայկական մշակույթին՝ ֆիլմերի դիտմամբ, ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոցուցահանդես այցելելով և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ գալա համերգին։ Այս անգամ մենք եկել ենք պատասխան այցով՝ ապրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախական մշակույթի օրեր։
- Ինչպես նշեցիք, Երևան կատարած Ձեր այցը կապված է Հայաստանում ղազախական մշակույթի օրերի անցկացման հետ, իսկ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այս ընթացքում։
- Ղազախական մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ղազախական կինոյի օրեր։ Հայ հանդիսատեսի համար բերել ենք չորս լիամետրաժ ֆիլմ՝ «Ղազախական խանությունը. Ոսկե գահը», «Կանգ առ, գիշեր», «Հայրենասերների ժամանակը», «Բերկուտ» և «Ինչու ծիծեռնակը պոչին եղջյուրներ ունի» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը:
Բացի այդ, մենք կմասնակցենք նաև Երևանում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի անվան այգու հանդիսավոր բացմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ղազախ ժողովրդի անունից երախտագիտության ամենաջերմ խոսքերը հայտնել Հայաստանի ղեկավարությանը և բոլոր ներգրավվածներին՝ Աբայի հիշատակի հանդեպ հարգանքի նման մեծ ժեստի համար։
Մշակութային ծրագիրը կեզրափակվի գալա համերգով, որին կմասնակցեն ղազախական էստրադայի առաջատար մենակատարներ և խմբեր:
Վստահ եմ, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը հաջող կանցնեն և հայ հանդիսատեսին շատ դրական էմոցիաներ կպարգևեն։
- Անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այցելեցին Աստանա՝ մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացմանը։ Հիմա տեսնում ենք, որ նույնը կատարվում է Երևանում։ Հաշվի առնելով այս իրադարձությունները՝ ինչպե՞ս կգնահատեք նման միջոցառումների անցկացումը, և ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք։
- Նախորդ տարի Աստանայում ղազախական և հայկական կողմերը քննարկել են թանգարանային և արխիվային ոլորտներում համագործակցության, ինչպես նաև արվեստի և վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի արտադրության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդյունքում ստորագրվել է 2025-2026 թվականների մշակութային և հումանիտար համագործակցության ոլորտում փոխգործակցության գործողությունների ծրագիր։ Այդ փաստաթուղթն ամրապնդում է կապերը թանգարանների, ստեղծագործական խմբերի, արվեստագետների, հրատարակիչների, գրողների, կրթության ոլորտի մասնագետների միջև մշակույթի, երիտասարդական քաղաքականության և կամավորական գործունեության ոլորտում: Այս ամենը մշակույթի ոլորտում երկու երկրների փոխգործակցության հետագա զարգացման և մեր ժողովուրդների մերձեցման երաշխիք է։
- Տիկին նախարար, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ և ղազախ ժողովուրդների միջև մշակութային համագործակցության և կապերի զարգացման համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ։
- Ղազախ-հայկական հարաբերություններն ամուր բարեկամության վառ օրինակ են, որի հիմքը մշակութային և հումանիտար սերտ փոխգործակցությունն է։ Այս ամենը մեծ նշանակություն ունի նաև Հայաստանում բնակվող ղազախների և Ղազախստանի հայերի համար։ Այսօր մեր երկրում ապրում է հայ էթնիկ խմբի ավելի քան 16 հազար ներկայացուցիչ, գործում են հայերի 27 էթնոմշակութային միավորումներ։ Նրանց գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի մշակույթի, լեզվի, ավանդույթների և պատմության հանրահռչակմանը։ Իրենց հիմնական գործունեությունը լիարժեք իրականացնելու համար հայկական էթնոմշակութային միություններին՝ ի թիվս այլ էթնիկ խմբերի, տրամադրվում են տարածքներ Բարեկամության տներում։
Այսօր հայկական էթնոմշակութային միավորումների ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են Ղազախստանի Ժողովրդական ժողովի աշխատանքներին և անմիջականորեն մասնակցում են երկրում ազգամիջյան ներդաշնակության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը։
Մեր երկրների միջև համագործակցությունը նշանակալի և խոստումնալից ներուժ ունի՝ հաշվի առնելով պատմական կապերը, մշակութային ավանդույթները և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու երկու երկրների ցանկությունը: