երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ

Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ

ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Պետական ակադեմիական Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր նամակում ընդգծում է, որ անգնահատելի է Արմեն Սմբատյանի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։ «ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարման տարիներին պարոն Սմբատյանի մասշտաբային եւ հումանիտար կարեւոր նախաձեռնությունները հիշարժան իրադարձություններ էին Համագործակցության բոլոր երկրներում։ Վստահ եմ, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր մութ կողմերի վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ` կուզեի ընդգծել, որ պարոն Սմբատյանի հասարակական գործունեությունը նաեւ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն է ուղղված։ Եվ մինչ դատական վճռի կայացումն այդ մասշտաբի գործչի կալանավորումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի հեղինակությանը»,- ասված է Անատոլի Իկսանովի նամակում։

Արմեն Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով դիմել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն Իլյա Չերկասովը։ Վերջինս ընդգծում է, որ Արմեն Սմբատյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ընդ որում ոչ միայն որպես դիվանագետ եւ հասարակական գործիչ, այլեւ որպես հեղինակավոր մշակութային գործիչ։ Նա իր վստահությունն է հայտնում, որ քննությունը կբացահայտի իրականությունը, եւ դատարանը կընդունի արդար վճիռ։

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Վ. Ֆ. Կոմիսարժեւսկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Նովիկովը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում գրում է. «Արմեն Սմբատյանի շնորհիվ թատրոնի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի թատերական արվեստի երախտավորների հետ՝ Վարդան Աճեմյան, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ես ծանոթ էի եւ ընկերություն էի անում դեռ ուսանողական տարիներից։ Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, որոնք արյամբ կապված են Հայաստանի հետ՝ դերասանուհի, ռուսաստանյան եւ արտասահմանյան բազմաթիվ մրցանակների դափնեկիր Աննա Վարդանյան, դերասան, կոմպոզիտոր, թատրոնի երաժշտական մասի ղեկավար Արթուր Մկրտչյան, անվանի նկարիչ Մարինա Ազիզյան… Ես ասում եմ այս ազգանունները, քանի որ Արմեն Սմբատյանը, այցելելով Սանկտ Պետերբուրգ, միշտ հետաքրքրվում էր նրանց ճակատագրով, ուշադրությամբ հետեւում էր նրանց ստեղծագործական աճին»։ Վիկտոր Նովիկովը, դիմելով վարչապետին, նաեւ հույս է հայտնում, որ վերջինս կարող է օգնել կալանավորումն ավելի մեղմ եւ մարդասիրական պայմաններով փոխարինելու հարցում։

  • Կիսվել: