ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ժամը 09:30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ժամը 09:30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սմ-ի:

Ստեփանակերտ-Շոշ - Կարմիր շուկա ճանապարհը և Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածներում` դժվարանցանելի են։ Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 1մ։

Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80սմ-ից հասնում է մինչև 1 մետրի։ Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:

  • Կիսվել: