հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը Սփյուռքին ուղերձ է հղել

Զարեհ Սինանյանը Սփյուռքին ուղերձ է հղել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Սփյուռքին՝ նշելով, որ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում։

Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ Զարեհ Սինանյանն իր ուղերձում նշել է.

«Սիրելի եղբայրներ և քույրեր,

Մեր Հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Հայ ազգի ապագան վտանգված է: Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով:

Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է, և եկել է աննախադեպ քայլերի և քաջության ժամանակը: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի:

Ժամն է եկել արտացոլելու ռազմաճակատում մեր եղբայրների և քույրերի սխրանքը, արժանի լինելու նրանց զոհողությանը, կիսելու մեր հայրենի տունը միասին պաշտպանելու պատիվը։

Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր Հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի:

Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք:

Նվիրաբերեք սույն հղումներով՝ www.ArmeniaFund.org,  www.Himnadram.org»։

  • Կիսվել: