հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Սաղաթելյան

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընդդիադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։

Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:

Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող:

Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:

Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրեց ԱԺ ամբիոնին, ինչից հետո ասաց, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանի որ համարում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացավ նաև ՛՛Պատիվ ունեմ՛՛ խբմակցությունը:

  • Կիսվել: