ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն. Իգիթյանը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասին

Ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն. Իգիթյանը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասին

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով արված հայտարարություններում փոփոխություններ չկան»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նա, սակայն, նկատեց. «Զարգացվում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել է, այն է՝ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով առաջ գնան և ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր կլինի վերջապես անցնել հիմնական բանակցային փուլին»:

Ըստ Իգիթյանի՝ ամենակարևոր բանը, որ ինքը նկատեց հայտարարության մեջ, այն է, որ կոնֆլիկտը, բացի խաղաղ լուծման տարբերակից այլընտրանք չունի։ Պատգամավորն ասաց. Ինձ թվում է, որ Ադրբեջանին հիմա այս իրավիճակում ավելի դժվար կլինի փորձեր անել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Իհարկե, հայտարարության մեջ գոհունակությամբ նշում է, որ շփման գծում ավելի քիչ լարվածություն է, բայց դա մեզ չի բավարարում, մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ որևէ կրակոց կամ պայմանավորվածության խախտում Ադրբեջանի կողմից ունենա համապատասխան գնահատական թե Մինսկի խմբի, թե այլ կազմակերպությունների կողմից» ։

Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ի վերջո կողմերը հանդիպո՞ւմ են, թե բանակցո՞ւմ: Նա, մասնավորապես, նշեց. «Ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն։ Եթե վերցնենք զուտ ԼՂ հիմնախնդրի հետ կապված բանակցությունը, ինչի համար ստեղծվել է Մինսկի խումբը, այդպիսի բանակցություններ չկան, բայց մյուս կողմից կողմերը բանակցում են՝ ինչպես սկսել բանակցությունները։ Եվ այն սկզբունքային մոտեցումը, որ բանակցային սեղանին պետք է լինի նաև Ղարաբաղը, կարևոր է։ Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ  ԼՂՀ-ն պետք է բանակցային փուլին մասնակցի։ Մենք փուլը կհամարենք բանակցային միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը կլինի բանակցային սեղանի շուրջ»։

  • Կիսվել: