ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է

Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է

ԱՀ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է և մանրամասնում.

Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 19-րդ դարում՝ 1882 թվականին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը, ով միաժամանակ նաև նկատել էր, որ թուլացած և վատ պայմաններում գտնվող մարդիկ առավել հակված են տուբերկուլոզով հիվանդանալու: Նրա խոսքերն են` «Քանի դեռ հողագնդի վրա կան նկուղներ, որտեղ չեն թափանցում արևի ճառագայթները, հյուծախտը կգոյատևի»: 1982թ-ից տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման օրը՝ մարտի 24-ը, նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
1990-ական թվականներից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տուբերկուլոզի դեմ պայքարին, մշակվում և ներդրվում են հակատուբերկուլոզային ծրագրեր Երկրագնդի տարբեր երկրներում: Սակայն, չնայած տարվող մեծածավալ աշխատանքներին, Երկրագնդի բազմաթիվ երկրներում տուբերկուլոզը այսօր էլ մնում է լուրջ խնդիր, նույն ԱՀԿ գնահատականով` յուրաքանչյուր տարի արձանագրվում է այս հիվանդության մինչև 10-11 մլն նոր դեպք: Միջազգային մակարդակով հակատուբերկուլոզային ծրագրերի իրականացմանն այսօր խոչընդոտում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված պանդեմիայի ֆոնին ԱՀԿ կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին հատկացվող միջոցների կրճատումը:

Արցախի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարը համակարգում և իրականացնում է ԱՀ Առողջապահության նախարարության և Ստեփանակերտի «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից` համագործակցելով ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնի» հետ, որի շնորհիվ անգամ շրջափակման պայմաններում ապահովվել է հակատուբերկուլոզալին դեղորայքի և լաբորատոր պարագաների անխափան տրամադրումը: 1997-2019թթ «Բժիշկներ առանց սահմանի Ֆրանսիա» կազմակերպության Երևանյան գրասենյակի հետ արգասաբեր աշխատանքի շնորհիվ Արցախում ներդրվել են բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագրերը, այդ թվում` կարեկցական ծրագիրը նոր հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որն այսօր արդեն տալիս է իր տեսանելի արդյունքները:
Տարիների փորձը ցույց է տալիս, որ տուբերկուլոզի դեմ պայքարը պետք է հիմնվի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և պատշաճ վերահսկողության վրա: Այն պետք է լինի շարունակական` հիվանդության տարածումը կանխելու համար: Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքն այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ով վակցինացիան: Այն անց է կացվում նորածիններին, ծննդատանը՝ կյանքի առաջին օրերի ընթացքում: Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման եղանակներն են տուբերկուլինոդիագնոստիկան առաջնահերթ երեխանների և դեռահասների մոտ, պրոֆիլակտիկ ֆլյուորոգրաֆիան` դեռահասների և մեծահասակների շրջանում: Պրոֆիլակտիկ ֆլյուորոգրաֆիան իրականացվում է սկսած 15 տարեկանից, տարեկան մեկ կամ երկու անգամ:

Դեռևս 2012թ. ԱՀ Կառավարության և ԱՀ Առողջապահության Նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ ք. Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, ԱՀ շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ: Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն:

Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի, այդ թվում` բազմադեղորայքակայուն, բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է, ինչը ԱՀԿ չափանիշներով համարվում է լավ արդյունք, օրինակ, ԱՀԿ-ի «Դադարեցնել տուբերկուլոզը (ՏԲ)» ռազմավարության մեջ սահմանված թիրախներին՝ մինչ 2035 թվականը ՏԲ դեպքերի 90%-ով և ՏԲ մահերի 95%-ով նվազում:
2017թ թվականին հիմնարկին հումանիտար կարգով ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվել է GenXpert ախտորոշիչ սարքը, որը հնարավորություն է տալիս մի քանի ժամվա ընթացքում խորխի ստուգման միջոցով հայտնաբերել տուբերկուլոզի հարուցիչը և որոշել դեղորայքազգայությունը Ռիֆամպիցինի նկատմամբ, իսկ 2019թ-ին «Հակապալարախտային դիսպանսերը» համալրվել է նոր ստացիոնար թվային ֆլյուորոգրաֆիկ սարքով:

ԱՀ-ում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, անվճար, «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից:

 

  • Կիսվել: