ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերին Հոռաթաղում աճել է ծնունդների թիվը. համայնքապետ

Վերին Հոռաթաղում աճել է ծնունդների թիվը. համայնքապետ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում 44-օրյա պատերազմից հետո աճել է ծնունդների թիվը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վերին Հոռաթաղի համայնքապետ Գրիշա Մարտիրոսյանը:

«Համայնքն Արցախի այն եզակի գյուղերից է, որն ունի 20 բազմազավակ ընտանիք: Այս տարի գյուղում բազմաթիվ ծնունդներ են սպասվում: Օկուպացված Քարվաճառից, Հովտաշենից, Ջրաբերդից, Մարաղայից 14 ընտանիք է հաստատվել մեր համայնքում։ Պատերազմից հետո գյուղի բնակիչներից ոչ-ոք չի հեռացել և չի էլ պատրաստվում։ Երիտասարդությունը հայրենասեր է, պատրաստ` կյանքի կոչելու հանուն հայրենիքի պաշտպանության եւ երկրի զարգացմանը միտված ծրագրեր»,-նշել է Գ. Մարտիրոսյանը:

Նրա տեղեկատվությամբ` Կաշենի հանքի գործունեության դադարեցման հետեւանքով գյուղից շուրջ 50 տղամարդ մնացել է առանց աշխատանքի:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին` համայնքապետը մանրամասնել է, 80 հեկտար աշնանացան են կատարել այս տարվա բերքի տակ։

«Գյուղում խիստ նվազել է անասնագլխաքանակը, քանի, որ արոտավայրեր գրեթե չկան: Շուրջ 250 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից այսօր մնացել է 30-ը: Վարելահողերը հնարավոր չէ վերածել արոտավայրերի, որովհետև շրջափակման պայմաններում առանց ցանքսի հնարավոր չէ գոյատևել»,- ասել է մեր զրուցակիցը։

Ըստ նրա` համայնքում բացակայում է գյուղատնտեսական տեխնիկան, որը մեծ թափով ծավալված գարնանացանն իրականացնելու համար ձեռք են բերել հարևան գյուղերից։

Որպես խնդիր, համայնքապետն առանձնացրել է գյուղի կանանց համար աշխատատեղերի բացակայությունը:

«Գյուղում շատ են երիտասարդ կանայք, որոնց համար աշխատատեղ չկա: Մեծ ցանկություն կա կարի արտադրամաս բացելու, որը կլուծի նրանց զբաղվածության խնդիրը»,- համոզմունք է հայտնել Գ. Մարտիրոսյանը։

Նրա հաղորդմամբ` Վերին Հոռաթաղի դպրոցում սովորում է 130 աշակերտ, իսկ շենքը նախատեսված է 90 աշակերտի համար: Այդ պատճառով դասասենյակները չեն բավականացնում։

Խնդիրներից համայնքապետը հատկանշական է համարել նաեւ դեպի գյուղ բերող ասֆալտապատ ճանապարհի մի հատվածում առաջացած սողանքը, որը խոչընդոտ է ավտոմեքենաների լիարժեք երթեւեկության համար։

Վերին Հոռաթաղի համայնքի ղեկավարը հավաստիացնում է՝ գյուղի բոլոր բնակիչներն ամուր են կապված հայրենի հողին և իրենց ապագան տեսնում են միայն Արցախում:

 

  • Կիսվել: