հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին. ԱՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին. ԱՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հեռագրում ասված է. «Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա անվանի լրագրող, հրապարակախոս, ԼՂՀ տարբեր գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին։

Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, իր անձնուրաց ու արհեստավարժ գործունեությամբ մեծապես նպաստել է դրա կայացման ու զարգացման հայրենանվեր գործին։ Նրա բազմաթիվ հաղորդաշարերն ու ֆիլմերը, հրապարակումներն ու գրական ստեղծագործությունները դարձել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի տարեգրության անբաժանելի մաս՝ հավերժացնելով ինչպես իրենց հերոսների, այնպես էլ հեղինակի անունը։

Լինելով լրագրող թե պատգամավոր, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ մեր նորանկախ հանրապետությունում՝ Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա գործընկերներին ու կուսակիցներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով»։

Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

Վարդգես Բաղրյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Ստեփանակերտի Այվազովսկու փողոցի 15 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 28-ին, ժամը 13:00-ին՝ նույն հասցեում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է ԱՀ ԱԺ 2-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

  • Կիսվել: