հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտունու միջադեպի շրջանակում վարչական ձերբակալման ենթարկվածների մոտ մեխանիկական վնասվածքներ չեն եղել. ԱՀ ՄԻՊ

Մարտունու միջադեպի շրջանակում վարչական ձերբակալման ենթարկվածների մոտ մեխանիկական վնասվածքներ չեն եղել. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը քիչ առաջ դուրս է եկել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ:

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Օմբուդսմենը գրել է. «Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ:

Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել: Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել:

Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը»:

  • Կիսվել: