ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տոնական օրերին Արցախում շտապօգնության ծառայությունը սպասարկել է 765 կանչ

Տոնական օրերին Արցախում շտապօգնության ծառայությունը սպասարկել է 765 կանչ

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է ուժեղացված ռեժիմով:

Այս մասին տեղեկանում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) և կորոնավիրուսային հիվանդության (COVD-19)-ի նկատմամբ համաճարակաբանական և լաբորատոր հսկողություն:

Տոնական օրերին շտապ բժշկական օգնության ծառայության կողմից սպասարկվել է 765 կանչ, որից 590-ը՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի, 171-ը՝ շրջանային բուժմիավորումների կողմից:

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 1814 դեպք, որից մինչև 18 տարեկան` 1584 (87%) դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 142 անձ, որից մինչև 18 տարեկան`109-ը:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 124 անձ, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 488 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 121-ը: Կենտրոնում կատարվել է 19 անհետաձգելի վիրահատություն:

Տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ իգական, 20-ը՝ արական սեռի: Կատարվել է 25 վիրահատություն, որից 22-ը` կեսարյան հատում, 3-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն:

«Արևիկ» բուժմիավորումում կատարվել է 5 վիրահատություն:

Կորոնավիրուսային հիվանդության (COVD-19)- հայտնաբերման նպատակով Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի ՊՇՌ լաբորատորիայում իրականացվել է 321 քաղաքացու հետազոտություն, որից 27-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

  • Կիսվել: