երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսվարողներին անհարկի փոխհատուցված բոլոր գումարները վերադարձրեք պետական բյուջե՝ հատուկ ուշադրություն դարձրեք ՀԷԿ-ակաշինության ոլորտին․ ԱՀ նախագահը հատուկ հանձնարարականներ է իջեցրել իրավապահներին

Տնտեսվարողներին անհարկի փոխհատուցված բոլոր գումարները վերադարձրեք պետական բյուջե՝ հատուկ ուշադրություն դարձրեք ՀԷԿ-ակաշինության ոլորտին․ ԱՀ նախագահը հատուկ հանձնարարականներ է իջեցրել իրավապահներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ հանձնարարական է իջեցրել Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ վեր հանելու և քրեական պատասխանատվության ենթարկելու այն տնտեսավարողներին, որոնք չարաշահումներ են թույլ տվել իրենց բանկային պարտավորությունների կատարման հարցում՝ պետության կողմից թշնամու տարածքում մնացած իրենց գույքի փոխհատուցման համար գումարներ ստանալուց հետո։

Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ՀԷԿ-երի սեփականատերերին, ովքեր դրանք կորցնելու դիմաց պետության կողմից ստացել են լրիվ փոխհատուցում, բայց հետագայում պարզվել է, որ նրանք հասցրել էին ապամոնտաժել և տեղափոխել այդ ՀԷԿ-երի կոնստրուկցիաները։

«Ինձ բանավոր տեղեկություններ են փոխանցվել այն մասին, որ որոշ գործարարներ հասցրել են տեղափոխել գրավի առարկա շարժական գույքի մի մասը, բացահայտեք այդ բոլոր դեպքերը և անհարկի փոխհատուցված գումարները վերադարձրեք պետական բյուջե»,- շեշտել է հանրապետության նախագահը հատուկ այս խնդրի շուրջ իրավապահ համակարգի ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ։

Պարզաբանելով ասածը, նախագահը ընդգծել է․

«2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել տարածքներ, որտեղ տարբեր ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվել էին տարբեր բիզնես ծրագրեր: Բանկային համակարգի կայունությունը պահպանելու և հետագայում համագործակցության հնարավորությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման հիման վրա տրամադրվել են ֆինանսական միջոցներ բանկերի հանդեպ առկա պարտավորությունները մարելու համար: Բանկերի հանդեպ պարտավորությունները մարելուց զատ մեր կողմից որոշում է ընդունվել պարտավորության ցեսիայի մասին՝ պահպանելով տնտեսվարող սուբյեկտի՝ վարկը մարելու պարտավորությունը Ներդրումային հիմնադրամի հանդեպ: Մեր ընդունած որոշման համաձայն բանկերին վճարման ենթակա չէր նաև մեր տիրապետության տակ գտնվող գրավի առարկա գույքի գնահատված արժեքը: Վերջին օրերին այս թեման դիտավորությամբ դարձել էր ներքին շահարկման նյութ, որի ողջ բովանդակությունը պարզելու և հանրությանը ներկայացնելու համար Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը հանձնարարում եմ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ այդ գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ՀԷԿ-աշինությամբ զբաղված սուբյեկտներին»։

Նախագահը նշել է, որ արդեն իսկ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության ու Դատախազության կողմից այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են նախաձեռնվել, այդ թվում հանրային ակտիվություն ցուցաբերող անձանց հայտարարությունների հիման վրա։

«Ողջունում եմ այդ հանգամանքը և խնդրում առավելագույնս բաց ու հրապարակային լինել այդ գործընթացում»,- հայտարարել է Հարությունյանը:

Նա նաև անդրադարձել է Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին:

«Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկեք բոլոր միջոցները և նշված հիմնադրամներից ստացված, հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրված միջոցները փոշիացրած կամ աննպատակ օգտագործած կամ պայմանագրով նախատեսված ժամկետներում մարելուց չարամտորեն խուսափած անձանց վեր հանելու, հիմնադրամներին, պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ պետական մարմին, ով կարող է խոչընդոտել պետությանը պատճառված վնասները վերականգնելու, հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործին: Տեղեկացված եմ իրավապահ համակարգի ծանրաբեռնվածության չափի մասին, սակայն խնդրում եմ հատկապես մեծ ուշադրություն դարձնել այն դեպքերին, որոնք մշտապես գտնվում են հանրային հետաքրքրության կենտրոնում»,- եզրափակել է նախագահ Հարությունյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: