ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ճախրող տունը». Ստեփանակերտում կայացել է տեղահանված երիտասարդ ստեղծագործողի գրքի շնորհանդեսը

«Ճախրող տունը». Ստեփանակերտում կայացել է տեղահանված երիտասարդ ստեղծագործողի գրքի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել երիտասարդ ստեղծագործող Գայանե Հովսեփյանի «Ճախրող տունը» չափածո ստեղծագործությունների գրքի շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 17-ամյա Գայանե Հովսեփյանն Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից է, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Ստեղծագործել սկսել է Արցախյան երրորդ պատերազմից հետո:

«Ես գրում եմ ցավի բոլոր հոլովներով»,- ասում է Գայանեն՝ համոզմունք հայտնելով, որ «Ճախրող տունը» շատերին հոգեհարազատ կլինի: «Ես ուզում եմ, որ այս ծանր իրավիճակում, այս թանձրացած խավարից մի լույս ծագի: Միաժամանակ մենք պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը, և, որ այդ լույսը մեր սերնդի ձեռքերում է: Ծանր պատասխանատվություն է, բայց պետք է լինենք մեր նախնինների արժանի հետնորդը: Կցանկանայի նաև, որ ոչ մի մարդ չզգա ծննդավայր կորցնելու այն ցավը, որ ես եմ զգացել»,- հավելել է Գ. Հովսեփյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակել են գրքի ստեղծմանը:

ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի խոսքով՝ հեղինակն անդրանիկ գրքում զետեղել է պատերազմական և հետպատերազմական օրերի իր ապրումները: «Ամիսներ է, որ ճանաչում եմ Գայանեին:

Ֆեյսբուքյան հարթակում, երբ կարդացի նրա ստեղծագործությունները, զգացի, որ բավականին ինքնուրույն է, բայց միաժամանակ շատ երտասարդ և դեռ անփորձ:

Մի քանի օր անընդհատ հանդիպելով նրա բանաստեղծություններին, որոշեցի գրել նրան ծանոթանալ:

Այնուհետև կազմակերպեցինք «Ճախրող տունը» գրքի տպագրությունը»,-պատմել է Վ. Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ երիտասարդ հեղինակի բանաստեղծական շարքը շարունակություն կունենա:

  • Կիսվել: