ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտը դեռեւս 25–30%-ով ջրազրկված է

Ստեփանակերտը դեռեւս 25–30%-ով ջրազրկված է

Ստեփանակերտում ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Արցախի մայրաքաղաքն այժմ ջրազրկված է 25–30%-ով, իսկ նախորդ շաբաթ՝ 40–45%–ով։

«Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման գոտիները բաշխված է 12–ի, որոնցից այս պահին 6–րդ գոտու մոտ 70%-ն է ջրազրկված։ Չորս օր առաջ արտեզյան խորքային նոր պոմպ՝ 18–րդն ենք միացրել 9–րդ եւ 10–րդ գոտիներին եւ արդեն երկու օր է՝ շուրջօրյա ջրամատակարարումը վերականգնվել է։ Նախկինում եթե Ստեփանակերտի 40–45%–ն էր ջրազրկված, ապա հիմա 25–30%-ն է ջրազրկված»,– NEWS.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ջրազրկված թաղամասերը Ստեփանակերտի ամենաբարձր դիրքերում են. «Ամեն ինչ անում ենք, որ գոնե օրական մեկ կամ երկու ժամով ջուր տանք, բայց չի լինում։ Ցանցը չի թույլատրում, որ ջուրը մաս–մաս բաժանենք»։

Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ մի քանի օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը 15 հատ պոլիէթիլենային ջրաբաքեր են տրամադրել՝ 5 եւ 3 տոննա տարողությամբ, որոնք տեղադրվել են Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բազմաբնակարն շենքերի բակերում։ Կարմիր Խաչը նախօրեին եւս 10 պոլիէթիլենային ջրաբաքեր են տրամադրել, այս անգամ արդեն 5 եւ 2 տոննա տարողությամբ։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել են օգոստոսի 6–ի երեկոյան ժամերից։ Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, օգոստոսի 10–ից, մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է մինչեւ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:

  • Կիսվել: