ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում  «Քուեսթ» խաղերի մրցույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում «Քուեսթ» խաղերի մրցույթ է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 8-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում ԱՀ ՊԲ կազմավորման 30-ամյակի առթիվ «Զորաց ակումբ» ՀԿ-ի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հանրապետության քսան հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների միջև անց է կացվել ինտելեկտուալ շարժական «QUEST» խաղերի մրցույթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը նշել է, որ մրցույթի նպատակը ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման միջոցով երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ու լուսավորության մակարդակի բարձրացումն է։
 
«Մրցանակային առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Ստեփանակերտի համար 12 հիմնական դպրոցը ներկայացնող թիմը»,-նշել է Դ. Օհանջանյանը՝ տեղեկացնելով, որ հաղթող թիմերը խրախուսվել են արժեքավոր պրոյեկտորով և էկրանով։
 
Մեր զրուցակիցը մանրամասնել է նաև, որ մրցույթի գլխավոր նպատակը ստացված արդյունքների միջոցով լավագույն թիմերին ի հայտ բերելն է, թիմային գործելակերպի հմտությունների զարգացումը, և, ամենակարևորը, դպրոցահասակներին հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելը։
 

  • Կիսվել: