հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել են «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը

Ստեփանակերտում մեկնարկել են «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը

Այսօր՝ հուլիսի 18-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում մեկնարկել են «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչև հուլիսի 31-ը ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են վարպետության դասեր՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում։

«Զարթոնք» ակադեմիայի կազմակերպիչ Լիանա Խոշբեկյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակը վերելքն է՝ երաժշտությամբ, մշակույթով, արվեստով, ինչպես նաև պատերազմի, համաճարակի և քաղաքական իրադարձությունների թիրախ դարձած արցախցուն ոգեշնչելը:

«Ակադեմիան, որն «Ատգեն Արմենյան» հիմնադրամի ծրագրերից է, առաջին անգամ կյանքի է կոչվել 2019-ին՝ Վանաձոր քաղաքում, իսկ երկրորդը որոշեցինք Արցախում կազմակերպել , որովհետև հետպատերազմական շրջանում նման ծրագիրն անհրաժեշտ է արցախցուն: Մենք նաև փորձում ենք պահել և ավելի ամրացնել Սփյուռք- Հայաստան-Արցախ կապը »,- ասել է Լ. Խոշբեկյանը:

«Զարթոնք»-ի զարգացման տնօրեն Աննա Դեմիրճյանի խոսքով՝ Արցախում ակադեմիայի կազմակերպմանը խորքային են մոտեցել. հաշվի առնելով արցախցինների հոգեբանական վիճակը ծրագրում ներառել են նաև սոցիալական աշխատող:

«Մասնակիցներն ընտրվել են օնլայն դիմումներով, ապա լսումների ձևաչափով: Արցախից 40 դիմորդ ունենք: Դասընթացավար վարպետների կազմը համալրել ենք թե՛ Հայաստանից , թե՛ արտասահմանից: Երաժշտական վերապատրաստումից, համերգներից զատ, արցախցի պատանիները (13 և բարձր տարիքի) Թումո կենտրոնում հնարավորություն կունենան ուսումնասիրել գրաֆիկ դիզայն և ստեղծագրություն: Հիմա դրամահավաք ենք իրականացնում Սփյուռքում, որպեսզի կրթաթոշակ սահմանենք»,- ասել է Ա. Դեմիրճյանը և ավելացրել, որ մասնակիցները ակադեմիայի ավարտից հետո կստանան վկայագրեր, իսկ լավագույնները կմասնակցեն համերգին:

  • Կիսվել: