հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվի ցուցահանդես՝ «Ապրենք, որ ապրեցնենք» խորագրով

Ստեփանակերտում կկազմակերպվի ցուցահանդես՝ «Ապրենք, որ ապրեցնենք» խորագրով

Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարչուհի Արև Պետրոսյանի «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Մեզ հետ զրույցում նկարչուհին կարևորեց նախաձեռնությունը հենց Ստեփանակերտում կյանքի կոչելը՝ համարելով, որ Արցախն այս օրերին առավել շատ ունի ուշադրության ու հոգատարության կարիք։ «Ես ստեղծագործում եմ բացառիկ ոճով և տեխնիկայով։ Եվ ցուցահանդեսին ներկայացնելու եմ մեծածավալ աշխատանքներ, նաև իմ հեղինակային հուշանվերների շարքից օրինակներ: Բոլոր իմ աշխատանքները օրգանական ապակու վրա են, մասամբ թափանցիկ՝ ոսկյա և արծաթյա թիթեղներով: Կարծում եմ՝ հետաքրքրական կլինի հանդիսատեսի համար բացահայտել իմ յուրահատուկ գույների աշխարհը: Ցուցահանդեսը կարևոր եմ համարում նաև նրանով, որ այն ուղեկցվելու է «բարու-երթ» ակցիայով.տեղում կազմակերպվելու է սահմանափակ քանակությամբ թողարկված «Սբ. Նիկողայոս» սրբապատկերների վաճառքը, որի ողջ հասույթը ուղղված կլինի Ստեփանակերտի արվեստի դպրոցի համար անհրաժեշտ մասնագիտական գույքի ձեռքբերմանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ»,- նշել է վաստակավոր նկարչուհին:

Ա. Պետրոսյսնի հավաստմամբ՝ այսօր կրթությունը կարևորագույն հարթակն է, որտեղ պետք է ներդրում կատարեն բոլորը։ Նա կասկած անգամ չունի, որ դրա արդյունքում մեծանալու են Սարյաններ և Մինասներ, Քոչարներ և Սուրենյանցներ: Համոզված է նաև, որ երազկոտ աղջնակը` Արև անունով, որ սիրում է նկարել, կարող է իր ժպիտով , արվեստով , աղոթքով ինչ֊որ բան փոխել, գուցե չնչին թվացող, բայց կարևոր: «Հրավիրում եմ ձեզ իմ գույների աշխարհ՝ միասին կառուցելու բարու շղթան»,- հավելել է նա:

Արև Պետրոսյանը ստեղծագործական ուղին սկսել է դեռևս ուսանողական տարիներից` հայտնի դարձել՝ որպես հեռուստաընկերությունների տաղավարների ձևավորող-նկարիչ: 2005թ.-ը ստեղծագործական ուղու շրջադարձային փուլ էր: Առաջին անհատական ցուցահանդեսով նկարչուհին ներկայացավ նկարիչների միությունում: Նա հայտնի է նաև իր բարեգործական եւ հասարակական գործունեությամբ, որն ուղղված է կարիքավոր, ծնողազուրկ երեխաների, տարեցների, կանանց առողջապահական, ինչպես նաև սահամանափակ կարողություններով տառապող երեխաների խնդիրների լուծմանը:

  • Կիսվել: