հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվել է գրական երեկո՝ նվիրված Համո Սահյանին

Ստեփանակերտում կազմակերպվել է գրական երեկո՝ նվիրված Համո Սահյանին

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բանաստեղծ Համո Սահյանին նվիրված գրական երեկո է կազմակերպվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել է Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սցենարիստ Անահիտ Դանիելյանը:

Գրական երեկոյին հրավիրված էին արցախցի գրողներ, գրականագետներ, սահյանական պոեզիայի երկրպագուներ, ովքեր եկել էին յուրաքանչյուրն իր հոգու Սահյանին ներկայացնելու:

«Այսօր,առավել քան երբևէ,մեզ անհրաժեշտ է Սահյանի հոգեպարար շունչը:

Սահյանը բոլորինս է, սակայն յուրաքանչյուր սերունդ իր ընկալմամբ է ներկայացրել ու վերարտադրել գրողին»,-համոզմունք է հայտնել Ա.Դանիելյանը՝ նշելով,որ մեր օրերում սահյանական պոեզիան խիստ արդիական է:

Մեզ հետ զրույցում բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանն ընդգծեց, որ հայ դարավոր պոեզիայում Համո Սահյանը միանգամայն նոր խոսք,պատկերավոր մտածողություն բերեց:

«Նա հայ ժողովրդի փիլիսոփայությունն ամբողջությամբ բերեց պոեզիա: 1930-ական թվականների վերջին և Հայրենական մեծ պատերազմի սկզբում լույս տեսած նրա բանաստեղծական շարքերի մեջ միանգամից երևաց մի նոր քնարերգու, որ հայ ժողովրդի հարստությունն է: Սահյանի բանաստեղծություններում հայ ժողովրդի ապրումներն ու զգացմունքներն են, իսկ նրա ստեղծագործություններն իրենց յուրահատուկ տեղն ունեն մեր հարուստ պոեզիայում»,-ասել է Ս.Խանյանը:

Գրական երեկոյի ընթացքում ներկաներն անդրադարձել են սահյանական պոեզիայի առանձնահատկություններին, ներկայացրել իրենց Սահյանին և ասմունքել բանաստեղծի գործերից:

  • Կիսվել: