ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է Շուշան Պետրոսյանի և «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի համերգը

Ստեփանակերտում կայացել է Շուշան Պետրոսյանի և «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի համերգը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշան Պետրոսյանի և «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' համերգային ծրագիրն իրականացվել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանի և տիկնոջ՝ Աննա Դադասյանի հովանավորությամբ:

Մեզ հետ զրույցում Սամվել Վարդանյանը նշել է, որ այս համերգը «Արցախն ապրում է» խորագրով փառատոնի շարունակությունն է:

«Համերգը պետք է կայանար փառատոնի շրջանակներում, բայց որոշ տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել էր: Նման համերգները մեծ կարևորություն ունեն արցախցիների համար և առհասարակ, բոլորի համար: Մենք սրանով ուզում ենք ասել, որ Արցախն ապրում է, ապրում՝ ապրեցնելով մշակույթը, որը խթանում է ազգայինի պահպանումը: Պետք է ապրել և շենացնել, արցախցիները պետք է իմանան, որ ամբողջ աշխարհի հայերն իրենց կողքին են», - նշել է Ս. Վարդանյանը:

«Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ են Արցախում:
«Մինչ այս, համերգներ են եղել նաև Մարտունում, Գիշիում, Մարտակերտում, Ճարտարում և Բերդաշենում: Մենք չենք սահմանափակվում այսքանով․ վաղը, վերադառնալիս, Աղավնոյում էլ համերգով հանդես կգանք: Ես կարծում եմ, որ հոգեբանական ճնշվածությունը հաղթահարելու համար մեր հայրենասիրական ոգեշնչող երգերը խիստ անհրաժեշտ են արցախցիների համար հնչեցնելը, և, որպեսզի շարունակենք պահել ու պահպանել մեր հայ տեսակի գենը», -ասել է Հ. Մկրտչյանը:

Համերգին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

  • Կիսվել: