Ստեփանակերտում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը
Նախօրեին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում տեղի է ունեցել կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ցուցադրությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ն. Մարտիրոսյանն ասել է, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվեց 2009 թվականին, երբ առաջին անգամ այցելեց և սկսեց բացահայտել Արցախը: «Գլխավոր հերոսն ինքնին Արցախն է:
Շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ֆիլմը նկարահանվի, որն, ի վերջո, իրականացավ 2018 թվականի ամռան ու աշնան ամիսներին: Հաջորդ տարվա մարտի 10-ին «Երբ որ քամին հանդարտվի»-ն բարձրացավ հայկական մեծ էկրան: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում»,-նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտոր է, ով ժամանում է Արցախ` ուսումնասիրելու նորակառույց օդանավակայանը, տեսնելու` արդյոք այն համապատասխանում է միջազգային նորմերին։
Ընթացքում Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որն ապրում է իր հայրենանվեր բնակիչներով, հարուստ մշակույթով:
Ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է տեղի կառավարության «Պրաբհատ» մրցանակը` որպես լավագույն միջազգային ֆիլմ: