ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի հնգամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի հնգամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնին կից գործող Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնն արդեն հինգ տարի է՝ լիարժեք գործունեություն է ծավալում՝ օգնելով աուտիզմով տառապող շատ երեխաների:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կենտրոնի հնգամյա գործունեության առիթով այսօր՝ մայիսի 2-ին, կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի հնգամյա գործունեությունից փոքրիկ դրվագներ, որոնք ցուցադրում են երեխաների հետ տարվող աշխատանքները և թե ինչպես է անցնում նրանց առօրյան Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում:

Մեզ հետ զրույցում Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը նշել է, որ հնգամյա գործունեության ընթացքում կենտրոնն ունեցել է բազաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ երեխաների բուժման գործընթացքում:

«Աուտիզմի մասնագիտացված բաժանմունքում տարեկան բուժում է ստանում վաթսուն երեխա, աշխատում են վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատող, երկու դայակ և բուժքույր: Այս հինգ տարիների ընթացքում մեր կենտրոնում բուժում է ստացել 186 աուտիզմով տառապող երեխա։ Բոլորի մոտ նկատեցինք առաջընթաց: Ես իմ չափորոշիչը սահմանում եմ ծնողների հետ զրույցում, երբ նրանք ցանկանում են, որպեսզի երեխաների բուժումը շարունակվի, իսկ եթե նրանք շարունակական բուժում են ուզում, ուրեմն մեր գործունեությունը հաջողված է»,-ասել է Վ. Թադևոսյանը:

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ նախարարությունը խիտ ծառայություններ է մատուցում կենտրոնին:

279499179_2848101555497827_8548531102946138259_n.jpg (425 KB)

«Կենտրոնի շենքային պայմանները շատ սուղ են, և մենք ունենք արդեն իսկ պլանավորած ծրագիր, որը շուտով կհաստատվի ԱՀ նախագահի կողմից: Կկառուցենք նոր Վերականգնողական կենտրոն, որտեղ առավելագույն օպտիմալ պայմաններ կլինեն բուժում ստացող երեխաների համար»,-տեղեկացրել է նախարարը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի համոզմամբ՝ այսօր աուտիզմի հետ կապված խնդիրը տարածված է ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում, և, հիմք ընդունելով կատարված ուսումնասիրությունները, հիվանդությամբ ծնվող երեխաների քանակը գնալով աճում է:

«Հիվանդության տարածումը լուրջ մարտահրավեր է մեզ համար այն առումով, որ հասարակությունը և պետությունը, այդ թվում՝ Արցախում, պետք է անեն հնարավորը, որպեսզի երեխաները ինտեգրվեն հասարակությանը, և նրանց իրավունքները պատշաճ կերպով պաշտպանված լինեն այնպես, ինչպես մյուս բոլոր երեխաներինը: Այս առումով պետք է նշեմ, որ Վերականգնողական կենտրոնի Աուտիզմի ցերեկային խնամքի կենտրոնը արդեն իսկ այդ հնարավորությունը տալիս է, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար պետք է բարձրաձայնվեն, և հասնենք դրանց լուծումներին»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում անդրադաձել է այն հարցին, որ ներառական կրթության ծրագրում ընդգրկված են նաև աուտիզմով հիվանդ երեխաները: Եվ անցումը համընդհանուր ներառական կրթության առաջ է բերել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ մասնագետների պակասը:

«Այս պահին դպրոցներում ներդրված է համընդհանոր ներառական կրթության ծրագիրը, և մենք չունենք անհրաժեշտ քանակությամբ համապատասխան մասնագետներ՝ և՛ որակական, և՛ քանակական առումով: Ունենք հատուկ մանկավարժների, ներփակվածության խնդիր ունեցող աշակերտների հետ աշխատող մասնագետների խիստ անհրաժեշտություն, ունենք նաև լուրջ խնդիրներ օրենսդրական դաշտի հետ կապված, և, ըստ այդմ, 2023-2024 թվականներին անցում ենք կատարելու կրթական նոր չափորոշիչների»,-ասել է նախարարը:

 

  • Կիսվել: