Կառավարությունն ուզում է, որ արցախցիները արտագաղթեն. ակցիա Երևանում
Արցախցիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են բարեփոխումներ անել արցախցիների բնակապահովման ծրագրում` նշելով, որ հակառակ դեպքում սա արտագաղթի նոր ալիք կծնի։
«Դուք իրո՞ք մտածում եք, որ տարիուկես–երկու տարվա ընթացքում իրանք հարցի լուծումներ չեն գտել։ Ո՛չ, սա արտագաղթի որոշում է։ Ժողովրդին ստիպում են, ամեն ինչ անում են, որ թողնի, գնա Հայաստանից։ Բայց մենք չենք ուզում, սա մեր հայրենիքն ա, Արցախն էլ Հայաստանի տարածքային ամբողջությունն ա եղել, ոչ թե Ադրբեջանի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը։
Նա համեմատություն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի և Տավուշի մարզի Կիրանց գյուղի` ադրբեջանցիներին մնացած տների բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։
«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Մենք ստիպված ենք եղել դուրս գալ Արցախից սպառնալիքների տակ, ցեղասպանության վտանգի տակ, ու ամեն ինչ եղել ա իրանց մեղքով` իրանց հանցագործ, դավաճան ու սխալ որոշումների արդյունքում։ Հիմա 40 հազար տալիս էին, մտածեցին` չէ՜, շատ է, 30 հազար տանք, հետո էլ որոշեցին` 30–ն էլ ա շատ, բերեք 20 տանք... Էս ի՞նչ եք անում, ձե՞ռ եք առնում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։