չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների մեկ տարվա աշխատանքի արդյունքները

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների մեկ տարվա աշխատանքի արդյունքները

Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ընթանում են ստուգարքներ, որոնց ընթացքում սաները ներկայացնում են տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանն տեղեկացրել է, որ առաջին կիսամյակի ստուգարքները սկսվել էին դեկտեմբերի 26-30-ը՝ երաժշտական խմբակներում։

«Հունվարի 12-ից մենք վերսկսեցինք ստուգարքները էսթետիկայի, տեխնիկական և կիրառական արվեստի բաժիններում։ Այսօր 8 խմբակներում անց է կացվում ստուգարք։ Սկզբում կարծում էինք, որ քիչ թվով երեխաները կգան, բայց հունվարի 9-ից, երբ սկսեցինք մեր աշխատանքը, նրանք սկսեցին պարտաճանաչ հաճախել»,-ասել է Լ. Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակով պայմանավորված խնայում են էլեկտրաէներգիան, բայց պետք է ավելի լավ ու շատ աշխատել, որպեսզի երեխաները շատ չզգան այն ամենը, ինչ շրջափակման հետևանքով տեղի է ունենում: ՄՊՍԿ կենտրոնի ղեկավարի տեղեկատվությամբ՝ մինչև փետրվարի վերջ ստուգարքներ կանցկացվի 106 խմբակում՝ 1500-ից ավելի սաների մասնակցությամբ։

«Հագուստի մոդելավորում» խմբակի շրջանավարտ Ինեսսա Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ 7 տարի շարունակ մեծ հաճույքով է մասնակցել պարապմունքներին։

«Կենտրոնն ինձ մեծ հնարավորություն է տվել աշխատելու հմուտ մասնագետների հետ և հմտանալու այս բնագավառում։ Ստուգարքին ներկայացրել եմ իմ ձեռագործ տարազները։ Հետագայում ևս հագուստի մոդելավորումը կմնա իմ նախասիրությունը և կշարունակեմ զբաղվել դրանով»,-հավելել է Ի. Բաբայանը։

«Կարպետագործություն» խմբակի սան Անգելինա Ղազարյանը արդեն երկու տարի է հաճախում կենտրոն։

«Իմ աշխատանքները մինչև շրջափակումը եկամտի աղբյուր էին։ Շատ եմ անհանգստանում ստեղծված իրավիճակով, ինչը, սակայն, չի կարող նվազեցնել կենտրոն հաճախելու մեծ ցանկությունը»,-նշել է Ա. Ղազարյանը։

  • Կիսվել: