երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր՝ հունվարի5-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Տեր Ներսես քահանա Ասրյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Ներսես քահանա Ասրյանն ասել է, որ, ինչպես երկնակամարում,  այնպես էլ մեր հոգիներում խավար  է անորոշության, խավար` սպասումի։ Սակայն աշխարհի ամենախավար գիշերներին փոխարինելու է գալիս լույսը։
 
«Մենք բոլորս մեր մեջ ունենք անորոշության ու տագնապի զգացումներ` մեր երկրի ապագայի նկատմամբ, ունենք բացասական տարբեր զգացողություններ, որ խավարեցնում են մեր հոգին։ Սակայն այս անորոշությունը ցրելու է գալիս մեծագույն մի ավետիս՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ,  «Օրհնյալ է հայտնությունը  Քրիստոսի»։  Ի վերջո, բոլոր անորոշությունները ժամանակավոր են, եթե թույլ տանք, որ Քրիստոսը մեր մեջ ծնվի, եթե կրկին միմյանց նկատմամբ ներողամիտ լինենք, եղբայրասիրություն ունենանք, սիրենք մեր երկիրն իրապես, համեստորեն, շենացնելով, մշակելով, պահելով ու պահպանելով, այլ ոչ թե բաժակաճառերով, հայրենասիրական երգերով։ Մենք բոլորս մի նավակի մեջ ենք, և միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն տեսակ դժվարություն»,-նշել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։
 
Նշենք, որ   Հայ Առաքելական բոլոր  եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ, և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Հայ քրիստոնյաները ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» արտահայտությամբ` ի պատասխան լսելով` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
 
 

  • Կիսվել: