ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սորբոնի համալսարանի հայազգի պրոֆեսորը ԱրՊՀ ուսանողների համար հանդես է եկել առցանց դասախոսությամբ

Սորբոնի համալսարանի հայազգի պրոֆեսորը ԱրՊՀ ուսանողների համար հանդես է եկել առցանց դասախոսությամբ

Նախօրեին Փարիզի Սորբոնի համալսարանի Արևելյան քրիստոնեության իրավունքների և հաստատությունների ամբիոնի իրավունքի պատմության պրոֆեսոր, EPHE-ի կրոնական գիտությունների բաժնի ուսումնական տնօրեն Արամ Մարտիրոսյանը ԱրՊՀ ուսանողների համար հանդես է եկել «Հայոց կանոնական իրավունքի քաղաքական-կրոնական հիմնախնդիրները. պատմությունից մինչև մեր օրերը» թեմայով առցանց դասախոսությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսությունը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում պրոֆեսորը խոսեց 7-րդ դարում հայկական կրոնական զագացման մասին:

«7-րդ դարում հայոց եկեղեցին հերքում էր 451 թվականի Քաղկեդոնի ժողովը և չէր ընդունում քաղկեդոնականությունը: Այդ ժամանակ եկեղեցին բաժանված էր տարբեր հոսանքների: Առաքելական կանոններից զատ, կային շատ այլ կանոններ: Մեր հավատքը թե առաքելական էր, և թե ուղղափառ: Շատ ուսանողներ, ովքեր ուսումնասիրում են իրավունքը, այն համարում են նպատակ, բայց իրավունքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակը իրականացնելու համար»,- նշել է Արամ Մարտիրոսյանը:

Դասախոսության ընթացքում պրոֆեսորը խոսեց Հովհաննես Օձնեցու, Ներսես Շնորհալու նշանակալի դերի մասին հայկական կրոնական կյանքում՝ համարելով նրանց կրոնական կյանքի սրբեր: Դասախոսության երկրորդ մասում բանախոսն անդրադարձավ քաղաքական խնդիրներին:

«Այսօր Արցախն ու Հայաստանը պայքարի մեջ են: Այս երկու երկրներն իրարից բաժանելը կարելի է դավաճանություն համարել։ Արցախը Հայաստանի մի մասն է: 44-օրյա պատերազմը դաժան էր հայերիս համար: Այսօր կյանքի ու մահվան պայքար է մղվում: Թշնամու նպատակն է ոչնչացնել Հայաստանը: Նրանք հայերի դեմ ոխ ունեն: Դպրոցներում երեխաների մեջ ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: Այս ամենի դեմ պայքարելու համար պետք է պահպանենք մեր լեզուն, մշակույթը, կրոնը, և, ի վերջո, մեր քրիստոնյա ինքնությունը: Այս պատերազմը կրոնական պատերազմ էր նաև: Պետք է Արցախը դարձնենք զորավոր երկիր, հողերը հետ բերենք։ Պայքարենք ու ուժեղ ապրենք»,-ընդգծել է Ա. Մարտիրոսյանը:

Դասախոսության վերջում պրոֆեսորը պատասխանել է ուսանողների հարցերին:

  • Կիսվել: